Ի՞նչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտրը ՀԷՑ-ի գործով ՀՀ-ից – Live News

«Հետքի» տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում նախաձեռնված հրատապ գործով ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը:  Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ակտիվները բռնագրավել:

Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝

Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։

Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։

Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։

Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։

Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։

Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։

Որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան:

Հրատապ որոշման համաձայն՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսի վարձատրությունը կազմում է 16 000 եվրո՝ գումարած 25,5% ԱԱՀ։ Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճարը 4 000 եվրո է՝ գումարած 25% ԱԱՀ։ Արբիտրաժային դատարանից դիմողները պահանջել էին նաև որոշում կայացնել Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն այդ պահանջը մերժվել է:

Leave a Comment