Ինչ է Շյոգրենի համախտանիշը – Live News

Այսօր նշվում է Շյոգրենի համախտանիշի իրազեկման համաշխարհային օրը։ Այս օրը նվիրված է Շյոգրենի համախտանիշի՝ աուտոիմուն հիվանդության մասին իրազեկվածության բարձրացմանը և հիվանդությունն ունեցողներին աջակցելուն: Այս օրը նաև նպատակ ունի խթանել հիվանդության հետ կապված հետազոտությունները, կրթությունը, ներդրումները և իրազեկման գործունեությունը:

Այն կոչվել է ի պատիվ շվեդ ակնաբույժ Հենրի Շյոգրենի, ով առաջին անգամ նկարագրել է այս համախտանիշը։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից մանրամասնում են, 4  որ Շյոգրենի համախտանիշը աուտոիմուն խանգարում է, որի դեպքում իմունային համակարգը սխալմամբ գրոհում և ախտահարում է սեփական բջիջները և հյուսվածքները: Այն ախտորոշվում է աշխարհի բնակչության 0.1-1%-ի մոտ: Ըստ վերջին եվրոպական մետաանալիզի` գլոբալ առումով գրանցվում է հիվանդության 60.82 դեպք 100.000 բնակչության հաշվով` մեծապես կապված լինելով կոնկրետ երկրի կամ տարածաշրջանի հետ: Նախորդ ուսումնասիրությունը գնահատել է աշխարհագրական դիրքի և էթնիկ պատկանելության ազդեցությունը Շյոգրենի համախտանիշի դրսևորման վրա և գտել է ախտանիշների և լաբորատոր պրոֆիլի զգալի տարբերություններ Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում միջմայրցամաքային վերլուծության մեջ, ինչպես նաև տարբերություններ «էթնիկ պատկանելության» հիման վրա:

Գիտնականները վստահ չեն, թե ինչու է որոշ մարդկանց մոտ զարգանում Շյոգրենի համախտանիշը: Որոշ գեներ մարդկանց դարձնում են այս համախտանիշի նկատմամբ ավելի բարձր ռիսկային, սակայն, ըստ երևույթին, հրահրող (տրիգերային) մեխանիզմը, ինչպիսին է որոշակի վիրուսներով կամ բակտերիաներով վարակը, նույնպես անհրաժեշտ է հիվանդության առաջացման համար:

Շյոգրենի համախտանիշի դեպքում իմունային համակարգը նախ թիրախավորում է արցունքագեղձերն ու թքագեղձերը: Սակայն, դրանցից բացի, կարող են ախտահարվել այլ օրգան-համակարգեր նույնպես, ինչպիսիք են՝

  • հոդեր
  • վահանաձև գեղձ
  • երիկամներ
  • լյարդ
  • թոքեր
  • մաշկ
  • նյարդեր

Շյոգրենի համախտանիշը սովորաբար զարգանում է մեկ կամ մի քանի հայտնի ռիսկի գործոններով մարդկանց մոտ:

Տարիք. Շյոգրենի համախտանիշ սովորաբար ախտորոշվում է 45-55 տարեկան մարդկանց մոտ։

Սեռ. կանանց շրջանում Շյոգրենի համախտանիշը շատ ավելի տարածված է, քան տղամարդկանց մոտ:

Ռևմատիկ հիվանդություն. Շյոգրենի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ սովորական է նաև ռևմատիկ հիվանդությունների առկայությունը, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը կամ գայլախտը (լուպուս):

Այս հիվանդությունն ունեցող մարդկանց 9/10 կանայք են, որոնք գտնվում են դաշտանադադարի փուլում` չնայած հիվանդությունը կարող է դրսևորվել ցանկացած տարիքի կանանց և տղամարդկանց մոտ։ ԱՄՆ-ում հիվանդների քանակը մոտավորապես 4.000.000 է, որ դարձնում է այն երկրորդը աուտոիմուն հիվանդությունների շարքում։

Այն կարող է դրսևորվել որպես առաջնային հիվանդություն և կարող է առաջանալ այլ ռևմատիկ հիվանդությունների հետևանքով, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը, համակարգային սկլերոդերմիան, առաջնային բիլիար ցիռոզը և այլն (երկրորդային Շյոգրենի համախտանիշ):

Շյոգրենի համախտանիշի դեպքում տարբերակող ախտանշաններից են հանդիսանում լորձաթաղանթների տարածուն չորացում, առավել հաճախ իր մեջ ներառելով․

  1. Քսերօֆթալմիա (աչքերի չորություն)։ Սկզբնական շրջանում մարդիկ կարող են չգանգատվել նշված ախտանշանից, սակայն համախտանիշի հետագա զարգացման դեպքում գանգատվում են աչքերում «ավազահատիկների» առկայությունից, այրոցի զգացողությունից և ծակծկոցից։
  2. Քսերոստոմիա (բերանի չորություն)։ Նկատվում է թքարտադրության նվազում թքագեղձերի վնասման հետևանքով։ Զարգանում է քրոնիկ պարօտիտ, ստոմատիտ, կարիես։ Հիվանդները նշում են բերանում չորության զգացում, կարող է առաջանալ անգուլյար խեյլիտ, խոսելու դժվարացում, ավելի ուշ փուլում կլման ակտի խանգարում (դիսֆագիա)։

Շյոգրենի համախտանիշը կարող է վնասել կենսական օրգանները կայուն վիճակի, աստիճանական հարաճի կամ, ընդհակառակը, երկարատև ռեմիսիայի անցումով։ Այս երևույթը բնորոշ է նաև այլ աուտոիմուն հիվանդություններին։

Հիվանդներից ոմանք կարող են ունենալ աչքերի և բերանի չորության մեղմ ախտանիշներ, իսկ մյուսների մոտ առաջանում են լուրջ բարդություններ։ Ոմանց ամբողջությամբ օգնում է սիմպտոմատիկ բուժումը, մյուսները ստիպված են անընդհատ պայքարել տեսողության խանգարման, աչքերում մշտական անհանգստության, բերանի խոռոչի հաճախ կրկնվող վարակների, հարականջային թքագեղձի այտուցվածության, ծամելու և կուլ տալու դժվարության հետ։ Ուժի անընդհատ կորուստը և հոդացավերը լրջորեն նվազեցնում են կյանքի որակը։

Շյոգրենի սինդրոմ ունեցողների մոտ ոչ-հոջկինյան լիմֆոմայի զարգացման ավելի մեծ ռիսկ կա՝ համեմատած առողջ մարդկանց և այլ աուտոիմուն հիվանդություններով մարդկանց հետ: Հիվանդությունն ունեցողների մոտ 5%-ի մոտ առաջանում է լիմֆոմայի որոշակի ձև։

Բացի այդ, հաստատվել է, որ հղիության ընթացքում Շյոգրենի համախտանիշ ունեցող կանանց երեխաների մոտ նորածնային կարմիր գայլախտի զարգացման ավելի մեծ ռիսկ կա:

Շյոգրենի համախտանիշի համաճարակաբանության վերջին մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ ընդհանուր հիվանդացության մակարդակը (incidence rate (IR) կազմել է 6.92 (95%` 4.98-8.86 միջակայքում) 100.000 բնակչի հաշվով, ովքեր ռիսկային գոտում են գտնվում, իսկ տարածվածության ընդհանուր մակարդակը (prevalence rate (PR)՝ կազմել է 60.82 (95%` 43.69–77.94 միջակայքում) դեպք 100.000 բնակչի հաշվով: Տարածաշրջանների հետ կապված տարբերություններ են նկատվել, քանի որ Ասիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի տվյալները կազմել են համապատասխանաբար` 6.57, 3.9-5.3 և 3.9: Ասիական երկրներից տարածվածության ցուցանիշն ամենաբարձրն է եղել Թուրքիայում (0.21-1.56), Չինաստանում (0.21-1.56), Ճապոնիայում (0.33), Լատինական Ամերիկայի տարածքում գերակշռում ե Կոլումբիայում (0.08-0.28), Բրազիլիայում (0.17), և Արգենտինայում (0.17), Եվրոպայում ամենացածր տարածվածությունը գրանցվել է Ֆրանսիայում (0.01), Իտալիայում (0.03), Հունաստանում (0.09-0.6), Նորվեգիայում (0.22), Մեծ Բրիտանիայում (0.4-2.1), Շվեյցարիայում (2.7):

«Եզրափակելով, կարող ենք նշել, որ մայրցամաքային պատկանելիությունը զգալիորեն ազդում է Շյոգրենի համախտանիշի կլինիկական շրջանակի վրա: Այս տարբերությունները կարող են մասամբ բացատրվել յուրաքանչյուր մայրցամաքում բնակվող բնակչության ծագումնաբանությամբ, ինչը որոշում է անհատների գենետիկական բնութագրերը: Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի գործոնների, նախորդ վարակների և մշակութային առանձնահատկությունների ազդեցությունները տարբերվում են մայրցամաքային բնակչության միջև և դրանց ներսում, ինչը կարող է նաև ազդել դիտարկվող տարբերությունների վրա: Աճող միգրացիան կհստակեցնի շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը աուտոիմուն հիվանդությունների զարգացման վրա, քանի որ նմանատիպ ծագում ունեցող, բայց տարբեր աշխարհագրական տարածքներում բնակվող պոպուլյացիաների համեմատությունը կարող է օգնել բացահայտելու գենետիկական և շրջակա միջավայրի գործոնները, որոնք ազդում են Շյոգրենի համախտանիշի և այլ աուտոիմուն հիվանդությունների կլինիկական պրոֆիլի և ընթացքի վրա»,- նշում են «Հերացի» կենտրոնից։

Leave a Comment