ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք են գնում Միացյալ Նահանգներից, որից հետո այն հանձնում են Կիևին: Այս ծրագրի շրջանակներում Պենտագոնը կապալառուների հետ կնքել է լրացուցիչ համաձայնագիր՝ 750 միլիոն դոլարի չափով, որի արդյունքում պայմանագրերի ընդհանուր արժեքը հասցվել է 1,5 միլիարդ դոլարի:

Այսպես, ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համագործակցող ամերիկյան American Roll-On Roll-Off Carrier (ARC) ընկերության կայքի, հուլիսի 22-ից նոյեմբերի 3-ը նախատեսված է տասնմեկ չվերթ դեպի Գերմանիա: Փոխադրմանը մասնակցող նավերն են՝ ARC Independence, ARC Defender, Patriot, ARC Integrity և ARC Endeavor:

Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ են»։

Leave a Comment