
«Եթե ինքը հրաժարական չի տալիս, այո, ականջներից բռնել, և մեկ-երկու հոգի կան, որոնք … , դուրս շպրտել». – հուլիսի 1-ին Երկրորդ ալիքի եթերում հնչեցրած այս խոսքերի համար նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով: Դատարանն օրերս նրան կալանավորեց երկու ամսով:
«Դա կկոչվի հեղաշրջում կկոչվի, ապստամբություն կկոչվի, չգիտեմ ինչ կկոչվի, ինքը խախտել է Սահմանադրությունը, ինքը գլխատել է պետությունը», – հայտարարել էր նախկին պատգամավորը:
Հակոբյանն այս արտահայտություններն անելիս իր հարցազրույցում քննադատում էր վարչապետ Փաշինյանին, նրա վարած քաղաքականությունը, ընդգծում էր, որ նման դեպքերում, երբ իշխանությունները խախտում են սեփական քաղաքացիների իրավունքները, ապա միջազգային իրավունքը նրանց թույլ է տալիս ընդհուպ ապստամբություն անել: Հիշեցնում էր, որ այս մասին դեռ երկու տարի առաջ է ասել խորհրդարանական լսումներից մեկում:
Այս արտահայտությունների համար կալանավորված և մեղադրյալի աթոռին հայտնված 69-ամյա Հակոբյանը պահվում է Նուբարաշենի բանտում, մենախցում: Մեղադրանքը չի ընդունում:
«Հայրս բավականին պինդ է, ուղղակի առիթմիայի դեղեր ունի, որ ամեն օր պետք է խմի, որպեսզի խնդիր չտա, էլի: Հատկապես էդ դատի օրն էլ, սկզբում որ դրել են փոքր սենյակում, էդտեղ օդի պակասից վատացել է», – «Ազատությանը» ասաց Հակոբյանի որդին:
Սամվել Հակոբյանն այսօր բանտ էր տարել ոչ միան դեղեր, այլև հագուստ ու սնունդ, չնայած իշխանությունները հաճախ են հայտարարում բանտային սննդի որակի բարելավման մասին. – «Դե որ ուտելիքը լավն ա, թող գան իրենք էլ սնվեն»:
Սամվել Հակոբյանը Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է: Անգիր գիտի հոր հնչեցրած մտքերը, որոնց մեջ իրավապահները հայտնաբերել են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր:
«Ուղղակի ականատես ենք լինում, որ ընդդիմադիրների խոսույթը քրեականացվում է, այսինքն՝ ցանկացած խոսք, որը դեմ է Նիկոլ Փաշինյանին, դա ենթակա է քրեական պատասխանատվության», – պնդեց նա:
Հայտնի հարցազրույցում Ռուբեն Հակոբյանն անդրադարձել էր նաև վերջին շրջանում եկեղեցականների դեմ հարուցված ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործերին, որոնց շրջանակում շաբաթներ առաջ կալանավորվեցին «Սրբազան պայքար» շրժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, պնդել՝ նրանք որևէ օրենք չեն խախտել: