Նոան որակյալ թիմ է, բայց Մանչեսթեր Յունայթեդը չէ․ Բուդուչնոստի գլխավոր մարզիչ

«Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Նենադ Լալատովիչը խոսել է «Նոայի» հետ կայանալիք պատասխան խաղի մասին։ 

««Նոան» լուրջ մրցակից է՝ ուժեղ անհատականություններով: Առաջին խաղում մենք հիանալի աշխատեցինք պաշտպանությունում: Գիտեինք, որ տարածք տալու դեպքում առաջ անցնելը դժվար կլինի: Դրա համար խաղացինք տակտիկապես՝ կենտրոնանալով արդյունքի վրա: Երբ մի փոքր ազատություն տվեցինք, անմիջապես գոլ բաց թողեցինք: Այնուամենայնիվ, տղաները կատարեցին իմ խնդրանքները:

«Նոան» հստակ գոլային պահեր չստեղծեց: Ես վստահ էի, որ մենք էլ կունենանք մեր հնարավորությունը, ինչպես Իվանովիչն ուներ առաջին խաղակեսում: Եթե օգտագործեինք այդ պահը, խաղը այլ ընթացք կունենար:

Ֆուտբոլը 90 րոպե է, և պետք է խաղալ արդյունքի համար: Չի կարելի խաղալ միայն սրտով և սխալվել: Առաջին խաղակեսում պետք է զգույշ լինել, ապա աստիճանաբար ռիսկի դիմել: Կարևոր է խուսափել մթնոլորտին տրվելուց, պահպանել սառնասրտություն, սպասել ճիշտ պահի և համբերատար լինել:

Չեմ բացահայտի բոլոր մանրամասները, բայց հնարավոր է՝ մեկ փոփոխություն լինի: Մենք խաղում ենք 4-2-3-1 սխեմայով, բայց խաղացողները պետք է կարողանան հարմարվել նաև այլ դասավորությունների: Հայաստանում նրանք հասկացան, թե ինչ եմ ակնկալում: Ասացի, որ պետք է համարձակ լինել. «Նոան» ուժեղ թիմ է, բայց ոչ «Մանչեսթեր Յունայթեդ»: Պետք է լավ անցում կատարենք պաշտպանությունից հարձակման, ինչի վրա աշխատել ենք մարզումներին: Ցանկությամբ և կամքով կարող ենք ավելի լավ խաղալ սեփական հանդիսատեսի առջև և հաղթել: Իհարկե, մի փոքր բախտ էլ է պետք:

Մենք դեռ չենք մտածում պարտության մասին, բայց եթե չանցնենք, դա աշխարհի վերջը չի լինի: Վերջին հաշվով, կմասնակցենք Կոնֆերենցիաների լիգային: Պետք է ցույց տանք, որ կարող ենք խաղալ ուժեղ թիմերի դեմ, և առաջին խաղում դա արդեն ապացուցեցինք: Իմ երազանքն է հաղթել և դուրս գալ եվրոպական մրցաշարի խմբային փուլ:

Ես հիանալի եմ զգում: Կրկնում եմ՝ շնորհակալություն երկրպագուներին, հատկապես «Վարվարներին», որոնք ցանկանում էին, որ ես գայի: Հավատում եմ իմ խաղացողներին և հրավիրում եմ երկրպագուներին՝ ներկա գտնվելու հնարավորինս մեծ թվով: Հուսով եմ՝ նրանք կլինեն մեր թևի քամին, և մենք բոլորին կցույց տանք, թե որքան են Չեռնոգորիայում սիրում ֆուտբոլն ու «Բուդուչնոստը»», – մասնագետի խոսքն է մեջբերում «Բուդուչնոստի» պաշտոնական կայքը։

Leave a Comment