Արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս Կառավարության օրակարգում չէ. Լիաննա Պետրոսյան

Արցախցի հասարական գործիչ Լիաննա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ստացա ավելի քան 10,000 անձանց կողմից առցանց հարթակներում ստորագրված և ՀՀ Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանը։

Ինչպես արցախցիներին վերաբերող գրավոր հարցումների մեծ մասի դեպքում, այս անգամ էլ Կառավարությանն ուղղված նամակը վերահասցեագրվել է ՀՀ փոխվարչապետ Տ. Խաչատրյանի գրասենյակ, իսկ այնտեղից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Նամակի պատասխանը ներկայացված է կից նկարների տեսքով։

Նամակի ընդհանուր բովանդակությունն ընդամենը գործող ծրագրերի և ընթացիկ ժամանակահատվածում կատարված փոփոխությունների շարադրանք է, որը նորություն չէ։

Այս պահին միակ փոքր «դրական» նորությունը և սպասվող փոփոխությունը սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքներն են. նախարարությունը նախատեսում է ընդլայնել գործող սոցիալական բնակարանային ֆոնդը։

Վատ նորությունն այն է, որ բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս Կառավարության օրակարգում չէ, որի արդյունքն է նաև հուլիսի 7-ից առանձին խմբերին տրամադրված աջակցությունը։

Իսկ Արցախում կատարված ենթադրյալ թալանի, այլ հանցագործությունների և դրանք կատարած ենթադրյալ անձանց մասին իրավական գնահատականներ տալու հարցը դեռ այդպես էլ մնում է անպատասխան…»։

Leave a Comment