Պաշտոնական քարոզչության հիմնական թեզերից է՝ «ով դեմ է Փաշինյանին, նա ուզում է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի գուբերնիա»: Օրինակ, եթե դուք դուրս եք եկել փողոց՝ բողոքելու վարչապետի կամայականությունների դեմ, երբ նա ամբողջ իրավական համակարգը ղեկավարում է ֆեյսբուքյան գրառումներով, դուք, ուրեմն, Կրեմլի գործակալ եք: Դրա մեջ որեւէ տրամաբանություն չկա, որովհետեւ իրավական «բեսպրեդելի» առումով Հայաստանի ներկայիս կառավարչին կարելի է համարել Պուտինի աշակերտը: Բայց այդ «գուբերնիայի» «հայհոյանքը դնելուց» հետո քաղաքացիների մի մասը չի համարձակվի ասել, որ Փաշինյանն ինչ-որ հարցում կարող է եւ սխալ լինել:
Իշխանության կողմնակիցներից մեկն այդպես էլ զգուշացրեց՝ ով ինձ հետ համաձայն չէ, նա դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը: Հիշեցնում է 2013-14 թվականներին Կիեւում «Եվրամայդանի» վանկարկումը, որի տարբերակները հնչել են նաեւ այլ տեղերում՝ «Хто не скаче, той москаль» (ով հրապարակում չի թռվռում, նա, եթե ժամանակակից հայկական բառապաշարն օգտագործենք, «ռսաստրուկ» է): Ինձ համար ամենատհաճ բաներից մեկն է այդ «ակտիվիստական» շանտաժը՝ որեւէ խմբի հետ թռվռալու համար անհրաժեշտ է անջատել ուղեղը: Եվ ընդհանրապես՝ «եթե դու այսպես ասես կամ անես, ես կասեմ, որ այս ես»՝ մի՞թե այս ոճը ժողովրդավարական է ու եվրոպական:
Իսկ ինչ մնում է հարցի բովանդակային մասին, ապա, անկախ քարոզչական հնարքներից կամ գուցե անկեղծ համոզմունքներից, իրավիճակը տխուր է: Պետք է զարգացնեմ քաղաքագետ Արման Գրիգորյանի միտքը եւ ասեմ, որ մենք լավ տարբերակ չունենք: Առաջին սցենարի դեպքում Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է. ընդ որում՝ Թուրքիան ՌԴ-ին ճանապարհելու է «արեւելյան», փափուկ ձեւերով՝ ռեւերանսներով, բարեկամական ժեստերով ու նույնիսկ թույլ տալով որոշ խորհրդանշական «հետքեր» թողնել: Դրանից հետո Ադրբեջանը մեզանից պահանջելու է միլիարդավոր «ռեպարացիաներ», «միջանցք», «ադրբեջանցիների վերադարձ» եւ այլն: (Էմանուել Մակրոնն, անշուշտ, այս պարագայում կանի «Հայաստանին սատարող» մի շարք հայտարարություններ): Կամ՝ Ռուսաստանը մնում է, եւ մենք դառնում ենք Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտության թատերաբեմ: Այդ սարսափելի այլընտրանքին 7 տարվա ընթացքում մեզ հասցրել է ներկայիս իշխանությունը:
Առաջին տարբերակն ավելի հավանական է՝ հաշվի առնելով Ռուսաստանի «զբաղվածությունն» Ուկրաինայում: Ամեն դեպքում դա այն իրավիճակն է, որը ֆրանսերեն կոչվում է cul de sac: Էլ չասեմ, թե ինչպես է կոչվում ռուսերեն:
Արամ Աբրահամյան
Լուսանկարում՝ ԱԺԲ ցուցարարներն այրում են Վլադիմիր Պուտինի լուսանկարը Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: