Արարատ Միջազգային Համագործակցության ՀԿ նախագահ Հովսեփ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Այսօր մեր ժողովրդի ամենանվիրաբերվող ներկայացուցիչները՝ բարերարները, դարձել են քաղաքական հետապնդումների գլխավոր թիրախը։ Ռուբեն Վարդանյանին կալանավորում է Իլհամ Ալիևը՝ Արցախում ժողովրդի կողքին կանգնելու, ներդրումներ անելու և հայկական ինքնությունը պաշտպանելու համար։ Իսկ Սամվել Կարապետյանին՝ ևս մեկ հայ բարերարի, փաստացի դատում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ո՞րն է տարբերությունը. երկուսն էլ հետապնդվում են նույն բանի համար՝ ազգին ծառայելու, եկեղեցուն աջակցելու, կրթությանը ներդրումներ անելու, և պետականությունից չհրաժարվելու համար։
Սա բացահայտ պատերազմ է ազգային մտածողության, բարեգործության և ազգային արժանապատվության դեմ։ Երբ Ադրբեջանը բանտ է նետում Ռուբեն Վարդանյանին, մենք դատապարտում ենք։ Բայց երբ նույնը տեղի է ունենում մեր երկրում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ, լռո՞ւմ ենք։ Ո՛չ։ Ժամանակն է բարձրաձայնելու, որովհետև այս իշխանությունը անցել է բոլոր կարմիր գծերը։ Փաշինյանի կառավարությունն իր գործողություններով ոչ թե պահպանում է պետությունը, այլ քանդում այն՝ ներքին թշնամի հռչակելով մեր լավագույն մարդկանց։
Բարերարներին դատել՝ նշանակում է դատել հայրենասիրությունը։
Բարերարներին դատել՝ նշանակում է թուլացնել ազգի հենասյուները։
Բարերարներին դատել՝ նշանակում է հարվածել ապագային։
Մենք, որպես քաղաքացիական հասարակություն, որպես հայ ժողովուրդ, պարտավոր ենք կանգնել մեր բարերարների կողքին՝ անկախ նրանից՝ նրանց դատում է Ալիևը, թե Փաշինյանը։ Սրանք միևնույն երեւույթի երկու կողմերն են՝ պետականության թշնամու և հայրենանվերների հակադրությունը։