
«Իշխանության նախաձեռնած «хլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում և՛ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, և՛ իշխանությունն օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար»,-ԱԺ-ում անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման նախագծին՝ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծեց, թեև օրվա թնջուկի կենտրոնում ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն ակնհայտորեն այս ամենն ուղիղ կապ ունի իշխանության՝ Մայր Աթոռի դեմ հրահրած անարժանապատիվ պատերազմին և նրա սատարման դիրքերից հանդես եկողներին:
«Ավելին՝ սա միայն Սամվել Կարապետյանին վերաբերող հարց չէ, այստեղ Կարապետյանի ֆիգուրը որպես անվիճելի հեղինակություն՝ առաջին պլան է բերվում մյուսներին ազդանշան ուղարկելու առ այն, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելու, ազատությունից զրկելու կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնի»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ իշխանությունը փորձում է երկիրը, հազարամյակներով ստեղծվածն ու երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները` Մայր Աթոռից մինչև ազգային արժեքներ, զրոյացնել ու ճանապարհ բացել փլատակների վրա հավերժ իշխելու իր գաղափարների համար:
«Այս ճանապարհին իշխանությունը շարժվում է այնպես, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում՝ հասարակության ներսում թշնամություն սերմանում, ներհասարակական բևեռացման խորացում, որտեղ բոլորը բոլորի դեմ են գործում: Իշխանության համար կա մեկ գերագույն նպատակ՝ որքան հնարավոր է երկար պահել իշխանությունը, իսկ դրա ճանապարհին, այսպես կոչված, ցանկացած խոչընդոտ՝ քաղաքական ընդդիմախոսությունից մինչև հանրային բողոքի ցանկացած դրսևորում, բոլոր միջոցներով ճնշվելու է: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին ամենաշատը խոսող կառավարությունը երկիրը վերածել է բռնատիրության, որտեղ մարդկանց առաջարկվում է կա՛մ ենթարկվել իշխանության գծած խաղի կանոններին կա՛մ ազատազրկվել կա՛մ պարզապես թողնել երկիրն ու հեռանալ»,-խոսքն ամփոփեց Տիգրան Աբրահամյանը։