«Հեղաշրջման պլանը»՝ երկրորդ «հոկտեմբերի 27»․ իշխանությունը զուգահեռներ է տանում

Իրավապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում «Հեղաշրջման պլան» գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել է 15 անձ, այդ թվում՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը տեղափոխվել է ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Մեղադրյալները և նրանց փաստաբանները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ իշխանությունը հայտարարում է, որ կանխվել է նոր «հոկտեմբերի 27»։

«Սրբազան պայքար» շարժման 15 մասնակիցների կալանավորումը առիթ է դարձել նորից խոսելու 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․  

«Հանրային քննարկումներում, սոցիալական ցանցերում օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում «հոկտեմբերի 27» է նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել «հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես, ի վերջո, կփորձենք վստահելի ձևով ձևակերպել, և ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»։

26 տարվա տարբերությամբ տեղի ունեցած իրադարձությունների միջև զուգահեռներ է տանում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը՝ հիմք ընդունելով 1999-ի մամուլի հրապարակումները։    

«Գնացեք, կարդացեք, թե դաշնակցական, ԱԺՄ-ական թերթերը 99 թվականի հունիսից մինչև  հոկտեմբեր ինչ էին իրենք գրում Վազգեն Սարգսյանի մասին, Կարեն Դեմիրճյանի մասին։ Նույն բառապաշարը»։  

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարգիս Խանդանյանն առաջարկում է սահմանադրաիրավական գնահատական տալ և լրջորեն քննարկել այն կառույցների գործունեության նպատակահարմարությունը, որոնց ներկայացուցիչներն աջակցություն են հայտնում կալանավորված խմբին։ Կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը բացատրում է, որ ասվածը կարող է առնչվել, օրինակ, «Հայաստան» խմբակցության անկուսակցական և Հայ հեղափոխական դաշնակցության անդամներին, ովքեր դատարանների մոտ աջակցում էին «Սրբազան պայքարի» մասնակիցներին։ «Սահմանադրաիրավական գնահատական» ու «գործունեության նպատակահարմարություն» ձևակերպումներն արդյոք կուսակցության գործունեության կասեցմա՞ն մասին են՝ հարցին Պապոյանը պատասխանում է․

«Ես չգիտեմ, բայց եթե պարզվի, որ մի կուսակցություն տեռորիստական կուսակցություն է,  ապա՝ ինչո՞ւ ոչ։ Ես կարծում եմ, որ բոլոր հանցագործ խմբավորումները, որոնք աշխատում են պետականության դեմ, պլանավորում են հեղաշրջում, այդ թվում՝ ոչ միայն քաղաքական գործիչներին սպանելով, այլ նաև՝ սովորական մարդկանց․․․ Որովհետև, երբ ինքն ասում է, որ պետք է, օրինակ, ավտոբուսի վրա յուղ լցնել և վառել, դա վերաբերում է աշխատանքի գնացող սովորական քաղաքացիներին։ Այդ բոլոր խմբավորումներին պետք է օրենքի ողջ խստությամբ չեզոքացնել և տանել նստեցնել Նաիրի Հունանյանի կողքին»։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորմանն արձագանքել է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգությունը հայտնելով Գալստանյանի և նրա համախոհների նկատմամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների առումով։

Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը եկեղեցու հետ կապակցելու փորձերը, հորդորել պատկան մարմիններին «չտրվել քաղաքական շահարկումներին», առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Իրադարձություններին իրենց տեսանկյունից են անդրադարձել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը և անկուսակցական Էլինար Վարդանյանը․

Իշխան Սաղաթելյան․ «Ես ողջունում եմ Մայր Աթոռի հայտարարությունը, գտնում եմ, որ մեր ժողովուրդը կանգնած է մեր եկեղեցու կողքին։ Պետք է ամուր կանգնել, սառը հաշվարկված քայլերով գնալ առաջ և սադրանքներին ու էմոցիաներին տուրք չտալ»։

Էլինար Վարդանյան․ «Եթե ակնկալում եք, որ ես պետք է ասեմ, թե ընդդիմությունը հաջորդ քայլը սա պետք է անի և այլն, այս պահին չեմ կարող։ Բայց ես տեսնում եմ՝ հասունացել է մթնոլորտը, որին պետք է տրվի համարժեք պատասխան»։  

Քաղաքական իրարամերժ և բուռն դրսևորումների համատեքստում քաղաքական և հասարակական բազմաթիվ գործիչներ հորդորում են այս փուլում առաջնորդվել անմեղության կանխավարկածով։ Քննչական կոմիտեն արդեն հրապարակել է առգրավված իրեր, թեև դրանք դեռ չեն կարող դիտարկվել որպես վերջնական ապացույց, քանի որ նախաքննությունը շարունակվում է, իսկ դատարանի որոշում դեռ չկա։ Վարչապետ Փաշինյանն ասում է, որ այս փուլում ինքն էլ ասելիք չունի․

«Կարծում եմ՝ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետև ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել, և ես այս պահին չունեմ որևէ այլ բան ասելու՝ բացի հրապարակվածից։ Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, և  ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն»։

Գործընթացներին անմասն չէ նաև ՄԻՊ-ը, որը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա կողմնակիցների տներում խուզարկությունների և ձերբակալությունների վերաբերյալ տեղեկատվություն է պահանջել իրավասու մարմնից։ Խոստանում են իրավունքների խախտումների առկայության մասին հրապարակավ խոսել։  

Այսպես կոչված «Հեղաշրջման պլան» աղմկահարույց գործի շրջանակում նաև ձայնագրություններ են հրապարակվում ու այսպես ասենք՝ «գաղտնազերծվում»։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ դեռ պետք է հասկանան Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունների իսկությունը։

«Երկու տեսակի ձայնագրության մասին է խոսքը․ մի մասի դեպքում ոնց որ տարածքում դրված է եղել ձայնագրող սարքը, մյուս մասը հեռախոսային զանգերի վերահսկողություն է։ Որն է կոնտեքստից կտրված-չկտրված՝ որևէ բան չունենք ասելու։ Խոսքը տարբեր քննարկումների, «brainstorming»-ների մասին է խոսքը։ «brainstorming»-ի ամբողջ գաղափարն այն է, որ դու քեզ չկաշկանդես, ասես այն միտքը, ինչ գալիս է։ Ինչ-որ ձևակերպումներ կան, որ ուղղակի խոսում են ինչ-որ բան…հիմա ասում են՝ չէ, դա չի կարելի անել,  հանցագործություն է, չենք անելու։ Բայց այդ դեպքում էլի ասում են՝ չէ, մենք տեսնում ենք, որ այստեղ կա իշխանության յուրացման նախապատրաստում և ահաբեկչություն։ Ձայնագրություններից, եթե չեմ սխալվում, երկրորդը, ուղղակիորեն ասում է հետևյալը՝ երկու օր է տևելու, ավարտվելու է իմպիչմենտով։ Այսինքն՝ եթե խոսքը իմպիչմենտի մասին է, ապա խոսքը չի կարող լինել ոչ իրավաչափ կամ սահմանադրությամբ չնախատեսված որևէ կարգով իշխանության յուրացնելու մասին»։

Քննչական կոմիտեի  տարածած ձայնագրություններին զուգահեռ՝ համացանցում տարածվել է նաև մեկ այլը, որը վերագրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս ձայնագրությունը վկայակոչելով փորձ է արվում  ապացուցել, թե վարչապետն իրավապահներին ուղիղ հրաման է տվել։ Մինչդեռ «Փաստերի ստուգման հարթակն» այդ ձայնագրության իսկությունը ստուգել է արհեստական բանականությամբ գեներացված տեսաձայնագրությունները հայտնաբերող երկու գործիքով և պարզել, որ այն շինծու է։

Համաձայն Deepware հարթակի վերլուծության՝ տեսանյութում հայտնաբերվել է deepfake․ արհեստական բանականությամբ գեներացված լինելու հավանականությունը գնահատվել է 96%: Attestiv.com հարթակը նույնպես ձայնագրությունը գնահատել է կասկածելի, քանի որ  բացակայում է բնական խոսքին բնորոշ տոնի փոփոխականությունը։ Փոխարենը նկատվում է ձայնի կանոնավոր դինամիկա, ինչը բնորոշ է հենց ԱԲ-ով գեներացված խոսքին։   

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, սա գնահատել է որպես հասարակությանը մոլորեցնելու և շեղելու փորձ։

Leave a Comment