Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները համաձայն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմին Իսրայելի հետ։ Միաժամանակ Թեհրանը զգուշացնում է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած հնարավոր ագրեսիայի, եթե հրադադարի պայմանները խախտվեն։
Խորհրդի հայտարարությունում, որը հրապարակել է IRBA գործակալությունը, գրված է․ «Սա հաղթանակ էր, որը ստիպեց թշնամուն զղջալ, ընդունել իր պարտությունը և դադարեցնել միակողմանի հարձակումը։ Տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջ ժողովրդի, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու հայտարարություններին, պատրաստ են վճռական պատասխան տալ ցանկացած ագրեսիվ գործողության»։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը սկսել էր «Ժողովուրդը՝ առյուծի պես» ռազմական գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային և պաշտպանական արդյունաբերության դեմ։ Ի պատասխան՝ Իրանի ուժերը հարվածել էին Իսրայելին անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին։ Հունիսի 24-ի վաղ առավոտյան Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ է մտել։