Լռությունը բուժում է. լռության ազդեցությունը ուղեղի վրա – Live News

Նոր հետազոտությունները պարզել են, որ լռությունը ոչ միայն ձայնի բացակայություն է, այլև ակտիվ ուժ, որը կարող է վերափոխել ուղեղը և բարելավել ընդհանուր առողջությունը։ Ընդամենը երեք օրվա միտումնավոր լռությունից հետո մարդու ուղեղում տեղի են ունենում ֆիզիկական և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությամբ համեմատելի են երկարատև մեդիտացիայի կամ ճանաչողական մարզումների հետ։

Boy Genius Report (BGR) տեխնոլոգիական ազդեցություն ունեցող կայքում հրապարակված գիտական ​​հետազոտությունը հատկապես տպավորիչ արդյունքներ է բացահայտել հիպոկամպում՝ ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է հիշողության և ուսուցման համար, գրում է med-practic բժշկագիտական  հանդեսը։ Լիակատար լռության մեջ անցկացված փորձի մասնակիցներն ընդամենը երեք օրում նոր նեյրոնների աճ ցույց տվեցին, ինչը նախկինում հնարավոր էր համարվում միայն ամիսներ տևած պարապմունքներից կամ ինտենսիվ բուժումից հետո։

Հետևանքները հատկապես ցայտուն էին նրանց շրջանում, ովքեր իրենց առօրյա կյանքում շարունակական աղմուկի են ենթարկվում։ Դա կարող է նշանակել, որ հենց այդ մարդիկ կարող են առավելագույնս օգտվել լռության ժամանակահատվածներից։

Բացի դրանից, հետազոտությունն ուղեղի՝ ակտիվ բետա ալիքներից մինչև ավելի դանդաղ ալֆա և թետա ալիքների փոփոխություններ է գրանցել, որոնք առնչվում են ներքին հանգստության, ստեղծագործական կենտրոնացման և բարելավված հուզական վերահսկողության հետ։ Լռության երրորդ օրը մասնակիցներն այս վիճակներին զգալիորեն ավելի արագ հասան, քան սկզբում։

Զգացմունքային կայունությունը ևս բարձրացել է։ Մասնակիցները հայտնել են անհանգստության նվազման, կտրուկ արձագանքների և տրամադրության ընդհանուր բարելավման մասին, որի ազդեցությունը տևել է մի քանի շաբաթ «Հոգևոր մենության» (retreat) ավարտից հետո։

Անսպասելի հայտնագործություն է դարձել զգայական ընկալման բարելավումը. մասնակիցների հոտառությունն ավելի է սրվել, համերը, գույները և նյութակազմվածքները զանազանելու ավելի լավ ունակություն էին ձեռք բերել: Դա բացատրվում է ուղեղի ռեսուրսների վերաբաշխմամբ, որը հայտնի է որպես խաչաձև ռիթմիկություն, երբ մեկ զգայական ալիքը փոխհատուցում կամ ուժեղացնում է մյուսը։

Բարելավումներն ազդեցին նաև ճանաչողական ոլորտի վրա։ Աշխատանքային հիշողությունը՝ տեղեկությունը պահպանելու և մշակելու ունակությունը, զգալիորեն բարելավվել էր. մասնակիցներն ավելի արագ որոշումներ էին ընդունում և ավելի քիչ սխալներ էին թույլ տալիս։

Հեղինակներն ընդգծում են, որ լռության կանոնավոր ժամանակահատվածները՝ նույնիսկ օրական երկու ժամ, որոնք բաշխվում են առավոտյան, ճաշին և երեկոյան, արդեն իսկ չափելի արդյունքներ են տալիս։ Պարզ սովորությունները, օրինակ, առանց հեռախոսի արթնանալը, առանց ականջակալների քայլելը և առաջադրանքների միջև կարճ «հանգիստ ընդմիջումներ» անելը, կարող են էապես բարելավել հոգեկան դրությունը։

Leave a Comment