Մերձավորարևելյան լարվածության ֆոնին ռուս-ուկրաինականը թուլանում է․ փորձագետ

Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը հավանաբար տեղի կունենա հունիսի վերջին տասնօրյակում։ Այն կլինի Մոսկվա-Կիև քննարկումների երրորդ ռաունդը։ Կողմերն առայժմ հանդիպման հստակ ժամկետ չեն նշում, բայց ակնարկում են առաջնահերթությունների մասին։ Մոսկվայի համար կարևոր է, թե ով կստորագրի հնարավոր պայմանագիրը։ Կիևի համար առաջնային է ռազմական գործողությունների դադարեցումը։

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ երկու երկրների բանակցող խմբերը պատրաստ են հանդիպելու հունիսի 22-ից հետո․ կոնկրետ օր չի նշվում։ Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու ուկրաինական կողմի, նույնիսկ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան ցանկանում է ոչ միայն վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը, այլև լուծում գտնել «երկարաժամկետ պատմական հեռանկարի համար»:

«Մենք պատրաստ ենք հանդիպելու։ Իրականում ես ասել եմ, որ պատրաստ եմ հանդիպելու բոլորի, նաև Զելենսկիի հետ։ Բայց խնդիրը դա չէ։ Եթե ուկրաինական պետությունն ինչ-որ մեկին վստահում է բանակցություններ վարելը, ապա դա կարող է լինել նաև Զելենսկին։ Սակայն հարցն այն է, թե ով է ստորագրելու փաստաթուղթը»։

Ըստ Պուտինի՝ փաստաթուղթը պետք է լեգիտիմ նախագահ ստորագրի, հակառակ դեպքում հնարավոր է նոր իշխանություններ գան և «դեն նետեն» բոլոր պայմանավորվածությունները։

Երկու երկրների բանակցային խմբերը կապի մեջ են և ծրագրում են քննարկումների նոր փուլ անցկացնել հունիսի 22-ից հետո՝ ասում է Պուտինը։ Նա վստահեցնում է, որ բաց է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ շփումների համար։

Ռուս-ուկրաինական պատվիարակների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 2-ին Ստամբուլում։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին այդ  բանակցություններից հետո տեղեկացրել էր, որ Մոսկվան հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագիծ է փոխանցել ուկրաինական կողմին։

Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 16-ին կրկին Ստամբուլում։ Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին գոհունակություն էր հայտնել առաջին փուլի բանակցությունների արդյունքից, նշել էր, որ պայմանավորվել են կայուն կարգավորման հասնելու ուղղությամբ։

Թե որտեղ կլինի նոր հանդիպումը, դեռ պարզ չէ։ DW-ն հավանական է համարում, որ ռուս-ուկրաինական  բանակցությունների հաջորդ փուլը դարձյալ Ստամբուլում կանցկացվի։

Քաղաքագետ Արա Պողոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ մերձավորարևելյան լարվածության ֆոնին ռուս-ուկրաինականը թուլանում է։

«Այժմ ռուսական կողմը դեմ չէ բանակցելու Զելենսկիի հետ։ Մոսկվայի համար կարևոր է, թե ով կստորագրի ռուս-ուկրաինական պայմանագիրը։ Այսպիսով, կարծում եմ, որ լարվածությունը որոշակիորեն թուլանում է, և երկու կողմում էլ նպատակ կա հնարավորինս շուտ ավարտելու ռազմական գործողությունները»։

Բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվելը չի թուլացրել ռազմական գործողությունների ինտենսիվությունը։ Ըստ վերջին հաղորդագրությունների՝ Ռուսաստանը օդային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք քաղաքների։

Խարկովում տեղական իշխանությունները հայտնել են անօդաչուների հարվածների մասին, ինչի հետևանքով վիրավորներ կան, նրանց մեջ՝ երեխաներ։ Օդեսայում նույնպես անօդաչու սարքերի հարվածներ են եղել: Քաղաքի կենտրոնի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է մեկ տասնյակից ավելի վիրավորների մասին։

Արա Պողոսյանի համոզմամբ՝ ռուսական հարվածներն այս փուլում այլ նպատակ են հետապնդում։ Դրանցով, ըստ վերլուծաբանի, Մոսկվան փորձում է ընդգծել իր ռազմավարական առաջնորդությունը։

«Կարծում եմ, որ հիմա Ռուսաստանը փորձելու է ռազմավարական առաջնորդությունը վերցնել իր ձեռքը, ամրապնդել իր դիրքերը։ Այսինքն՝ նպատակ ունի բանակցությունների ժամանակ նվազագույն զիջումներ կատարելու Ուկրաինային և ամրագրելու իր ձեռքբերումները։  Ինչ վերաբերում է հարցի մյուս բաղադրիչին, կարծում եմ, որ հանգուցալուծումը մեկ- երկու հանդիպմամբ հնարավոր չէ ամրագրել։ Առնվազն մինչև տարեվերջ բանակցությունները կշարունակվեն, իսկ սա նշանակում է, որ մինչև տարվա վերջ փոքր է հավանականությունը, որ կդադարի ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ առնվազն դրա ակտիվ փուլը»։

Իսկ բանակցությունների առարկա հարցերի շրջանակը, ըստ Պողոսյանի, մեծ է՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից մինչև տարածքային հարցեր։

Leave a Comment