Երկու կին, մեկ ճակատագիր. «Նռնենի»-ի իրական պատմությունը բաց երկնքի տակ

Դրամատիկական կատակերգություն՝ հիմնված իրական դեպքերի վրա։ Հավերժական թեմաների մասին պատմությունը  դերասանները պատմում են Բյուրականում՝ բաց երկնքի տակ։ ՀանդArt-ի նոր ներկայացումը՝  «Նռնենի»–ն, մարդկային հարաբերությունների, սիրո և կյանքի իմաստի մասին է։

«Խոսում է Երևանը։  Հաղորդում ենք համերգ գյուղի աշխատավորների համար»։

Մեջբերումը Հանրային ռադիոյի եթերից չէ։ Այն հնչում է ներկայացման մեջ, որը հենց առաջին րոպեներից գրավում է հանդիսատեսին ու նրան լարված պահում մինչև վերջին րոպեները։ 

Ի՞նչ կանեիք Դուք, եթե մի օր Ձեր հարևանուհին թակեր դուռն ու առաջարկեր  ամուսնանալ իր ամուսնու հետ: Անհեթեթ է թվում, բայց  իրական պատմություն է, որն ընկած է  ներկայացման հիմքում։ Դեպքը տեղի է ունեցել 1990-ականներին Հայաստանի գյուղերից մեկում՝ գյուղատնտես Հարություն Մնացականյանի ընտանիքում։ Կինը պարզում է, որ անբուժելի հիվանդ է ու քիչ ժամանակ ունի ապրելու։ Չի ընկճվում, կռիվ չի տալիս Աստծո հետ, այլ ուժ է գտնում՝ ամուսնու համար «խնամախոսության» գնալու։ Ընտրում է գյուղի ամենագրագետ աղջկան՝ ֆրանսերենի չամուսնացած ուսուցչուհուն։

«Դեպքը, թվում է, ծիծաղելի է, բայց շատ լուրջ դրամատիկ ներուժ ունի։ Այն առնչվում է ընտանեկան արժեհամակարգին, պայքարին ու կնոջ անսպասելի ուժին, որը երբեմն խառնվում է Աստծո գործերին»,- ասում է պիեսի սցենարի հեղինակ, բեմադրիչ Տիգրան Գյուլումյանը։

Ժենյային մարմնավորում է Ագնեսա Շահնազարյանը։ Նրա կերպարը կին է, որը, հաշտվելով մահվան հետ, փորձում է ամուր պահել ընտանիքը։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում դերասանուհին անկեղծանում է՝ բեմ բարձրանալը ծանր էր, քանի որ երկար ժամանակ չէր խաղացել, դրանից զատ՝ կերպարի հոգեբանությունն էր բարդ։

«Լացը խեղդում էր կոկորդս, վախը մեծ էր, բայց ռեժիսորն ու խաղընկերներս շատ օգնեցին։ Փորձերի ժամանակ  հակասական զգացողություններ ունեի։ Ես տեսել եմ տատիկիս, որն 82 տարեկանում մահացավ, բայց մինչև վերջ պայքարում էր ապրելու համար։ Իսկ այս կինը ․․․․ ինչքան ուժեղ  պիտի լինես, ընտանիքիդ ապագան փորձես  կառուցել՝ ուրիշ ուսերի վրա դնելով»,- ասում է նա։

Ներկայացման սկզբում Ասյան  ուրախ ու անհոգ է։ Բայց մի գեղեցիկ օր նրա ուսերին տիեզերական բեռ է ընկնում: Լուիզա Ղամբարյանն է մարմնավորել գյուղի չամուսնացած գեղեցկուհուն։

«Իմ կերպարը արժեհամակարգին հավատարիմ մնացող կին է։ Նա իր հետ վիճում է, ինքն իրեն հաղթում է»։

Ջուլիետա Ստեփանյանը մարմնավորում  է հարևանին, որը զբաղվում է գյուղի բոլոր լուրերով ու հարցերով՝ դրանց մեջ հումոր և թեթևություն մտցնելով։

«Սկզբում ինձ թվաց՝ Ժենյայի կերպարն իմն է։ Բայց Ագնեսան այն մարմնավորեց անգերազանցելիորեն։ Իմ կերպարը՝ հումորով ու սրամիտ մեկնաբանություններով, թեթևացնում է հոգեբանորեն ծանր պահերը։ Շատերն ասում են՝ կոմեդիա խաղալը հեշտ է։ Բայց դա ամենաբարդն է՝ ծիծաղեցնել առանց ծիծաղելու»,– ասում է Ստեփանյանը։

Ներկայացման առանցքային կերպարներից է Արաբոն, որ  կյանքը նվիրել է հայրենիքին, բայց  55 տարեկանում 20 տարեկանի պես սիրահարվում է ուսուցչուհուն։ Նրա կերպարը Արծրուն Հարությունյանն է մարմնավորում։

«Սերը, ընտանիքը այս պատմության հիմքում են։  Իմ կերպարն ամբողջ կյանքում նվիրված է եղել հայրենիքին, բայց երբ սերը գալիս է, անզոր է դիմադրելու։ Կերպարս ասում է՝ սիրում եմ օգնել ուսուցիչներին։ Նա սիրո իր բաղադրատոմսն ունի․ սերը գալիս է այն ժամանակ, երբ պետք է»:

Ներկայացման մի կարևոր «կերպար» էլ նռնենու ճյուղն է, որն Արաբոն տնկում է ուսուցչուհու բակում և ասում. «Երբ նռնենին ծաղկի ու պտուղ դառնա, ներսից պատմիր իմ սիրո մասին»։  

«Ես, օրինակ, կուզենայի, որ վերջում Արաբոն՝ Հայաստանի հաղթանակած  զինվորը,  գար նորածին որդու հետ։ Պայմանականորեն ասած՝ դա լիներ Արաբոյի ու Ասյայի որդին,  նաև հայ ազգի շարունականությունը»,– ասում է Լուիզա Ղամբարյանը։

ՀանդArt-ի ներկայացումները տարբերվում են դասական բեմադրություններից։  Դրանք բացօթյա են, Բյուրականի չքնաղ բնության գրկում։  Սարերում արածող կովերն են, տոթ օրվա տապն իրենց մեջ հավաքած խոտի դեզերը, թռչունների ծլվլոցն ու քամու ձայնը ներկայացումներին այլ  հմայք են հաղորդում, որին հնարավոր չի հասնել տեխնիկական կամ  հատուկ էֆեկտների միջոցով:

Դերասանուհիները խոստովանում են, որ բացօթյա խաղն այլ զգացողություններ է տալիս՝ վախ ու հաճելի էներգիա միաժամանակ։

«Ես աշխատել եմ այնպես, ինչպես աշխատում եմ ֆիլմում։ Այս մեծ ու ֆանտաստիկ տարածքը իրականում խոշորացույցի տակ ցույց է տալիս ամեն մի էմոցիա։ 30 տարի թատրոնի պայմանականության մեջ աշխատած դերասանուհու համար դժվար էր։ Այստեղ ամեն ինչ բնական է, ու հանդիսատեսի ինտերակտիվ շփումով վարակվում ենք բոլորս»,–ասում է դերասանուհին։

Ջուլիետա Ստեփանյանն էլ նշում է, որ տարածքը տեսնելուց հետո պատրաստ էր անգամ էպիզոդիկ դեր խաղալուն։

«Իհարկե վախ կար․ մենք սովոր ենք փակ դահլիճներում խաղալ։ Աղջիկներն էլ նույն վախն ունեին, բայց երեքս էլ հաղթահարեցինք։ Ես անմիջապես բռնեցի բնությունը, ստացա էներգիան ու նրա մասնիկը դարձա։ Խաղում ենք՝ հանդիսատեսի աչքերի մեջ նայելով»,–ասում է Ջուլյա Ստեփանյանը։

Բացօթյա ներկայացումների գաղափարը ծնվել է կորոնավիրուսի ժամանակ։ Ստեղծագործական թիմը փորձել է լուծել սահմանափակումների խնդիրը՝ հանդիսատեսին գյուղ հրավիրելով։ Լուծումն այնքան հաջողված էր, որ շարունակվեց կորոնովիրուսի նահանջից հետո էլ։

Leave a Comment