Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա, աշխատանքները մեծ տեմպերով առաջ են գնում. Դավիթ Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հիմնադրամի հետ առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցում Տրանշ 4-ի կառուցմանը։ Քաջարան-Ագարակ ճանապարհի Քաջարանի թունել տանող հատվածի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին։

Նախարարն ընդգծել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա, աշխատանքները մեծ տեմպերով առաջ են գնում։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտի ծրագրերին։ Մասնավորապես Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրին։

Երկուստեք արձանագրվել է համատեղ իրականացվող ծրագրերում առկա  մեծ առաջընթաց։

Նախարար Խուդաթյանը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի կողմից տրամադրված տեխնիկական օգնությունը՝ Լոռու մարզում 2024 թվականին տեղի ունեցած ջրհեղեղից հետո կամուրջների տեխնիկական վիճակը գնահատելու հարցում։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment