Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ Սկոպյեում անցկացված Եվրոպայի առաջնությունում 135 միավորով նվաճեց թիմային չեմպիոնի կոչումը՝ պատվո պատվանդանի վրա շրջանցելով Վրաստանին եւ Ադրբեջանին:
Այսօր կայացած գոտեմարտերում մեր տղաները նվաճեցին երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: նախ, 51 կգ քաշային կարգում Մարատ Աճեմյանը, որը կիսաեզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցուն, վճռորոշ գոտեմարտում 10:0 հաշվով բացահայտ առավելության հասավ UWW դրոշի ներքո հանդես եկող Ռիզվան Կաիրբեկովի նկատմամբ ու բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան:
Գեղեցիկ ու ավելի համոզիչ հաղթանակով մրցակցին գերազանցեց 60 կգ քաշային Հայկ Մանուկյանը, որը եզրափակչում չբավարարվեց ադրբեջանցի մրցակցի նկատմամբ գոտեմարտի ընթացքում ձեռք բերած 6:0 հաշվով, գեղեցիկ հնարքով մրցակցի ուսերը զարկեց մրցագորգին ու տուշեով (մաքուր հաղթանակ) նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Մեդալից անմասն չմնաց նաեւ 45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը: Նա բավարարվեց բրոնզե պարգեւով: Նախորդ օրը արծաթի արժանացել էին Մարտին Մանջիկյանը՝ 48 կգ եւ Ջանես Նազարյանը՝ 65 կգ:
Այսպիսով, մեր հավաքականը Սկոպյեում նվաճեց 2 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
