
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները կմիանա՞ն Փաշինյանին հեռացնելու գործին, որ նախաձեռնել են Սերժ Սարգսյանի թիմակիցները: Դաշնակցության գրասենյակում մոտ երկու ժամ տևած քննարկումն ավարտվեց առանց հանգուցալուծման: «Հայաստան» խմբակցության պատգամավորները պայման ունեն:
«28 հոգին գործընթացն սկսելու դեպքում պատրաստ է անմիջապես ստորագրել», – ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների քննարկումը դեռ չէր ավարտվել, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հրապարակեց ձևաթուղթը, որ միայն իրենց ստորագրություններով էր: «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորից ոչ մեկի ստորագրությունը դեռ չկա: Պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասում է՝ չեն մերժել, խմբակցության 28 պատգամավորներն էլ կմիանան, եթե փողոցում էլ զուգահեռ պայքար սկսեն ու հստակեցնեն ժամկետները:
«Ուզում եմ հասկանամ՝ այսինքն, պրոցեսը ե՞րբ ենք սկսում: Եղել է պրոցեսի մասին հայտարարություն, որը մենք ողջունում ենք, այդ թվում նաև ողջունում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը: Մեր դիրքորոշումը, կարծում եմ, շատ պարզ ասացի՝ մեզ պետք է 34 հոգու ստորագրություն, թե՞ պետք է գործընթացի արդյունք ու գործընթացի շարունակություն», – նշեց Սաղաթելյանը:
«Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածուն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է: Քոչարյանի թիմակիցները առարկություն չունեն թեկնածուի հետ կապված: Հարցեր ունեն՝ պակասող երկուս տորագրությունն ինչպես են ապահովելու: Առնվազն 36 ստորագրություն է պետք, որ անվստահության նախագիծը հասնի քննարկման, ընդդիմադիր պատգամավորները բավարար չեն, երկ հոգի պակասում է:
«Հիմա պետք չէ սլաքներն ուղղել այստեղ, որովհետև այս կողմից շատ հստակ արդեն հայտարարությունը կա, պետք է ջանքեր գործադրել, ապահովել ևս 2 ստորագրություն, որպեսզի ցանկության և հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան, ու հավելյալ ստորագրություններ, ևս 18-ը, որ գործընթացը հասնի հաջողության: Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի ու համաժողովրդական ճնշման արդյունքում ու պատրաստ ենք այդտեղ ևս մեր մասնակցությունն ունենալ», – ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:
Երկու ստորագրությունը դեռ չգտած, «Պատիվ ունեմ»-ը ավելին է ակնկալում, սպասում է, որ իշխող խմբակցությունից էլ կմիանան: Այսինքն մտադիր են խորհրդարանի դահլիճում քննարկումը սկսել, երբ ունենան նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ քանակը: Ինչի՞ց են վստահ, որ Փաշինյանի թիմից իրենց միացողներ կլինեն, հարցրինք «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանին:
«Նախագահ Սարգսյանն էլ դրա մասին խոսեց, որ մենք մեր նախաձեռնությանը հավատում ենք և վստահ ենք, որ կկարողանանք այն հասցնել հաղթական կետի», – պատասխանեց Մամիջանյանը:
Արդյոք այս լավատեսությամբ վարակվել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները, որ ծանոթացել են ծրագրին ու մանրամասներին, Սաղաթելյանն այս հարցին ուղիղ չպատասխանեց:
Ռոբերտ Քոչարյանը նրանց պես լավատես չէ, մինչև այս նախաձեռնությունն է հայտարարել, որ պրագմատիկ գործիչ է ու հետաքրքրված չէ հաջողության հավանականություն չունեցող գործընթացով: Արդյոք «Հայաստան» խմբակցության առաջնորդի այս դիրքորոշո՞ւմն է կաշկանդում, որ առանց նախապայմանների հենց հիմա էլ ստորագրեն: Սաղաթելյանն ասաց՝ այդ հայտարարությունից հետո իրավիճակ է փոխվել, իրենց պահանջը հստակությունն է, որոշակիությունը:
«Կոնկրետ խորհրդարանական ուժ ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը, 15 օր առաջ էդպես չէր, և առաջադրել է թեկնածու, որը ողջունելի է: Իսկ խմբակցության կարծիքն ու քննարկումներին, ինչ որ ասում եմ, ամբողջ խմբակցության, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է», – նշեց Իշխան Սաղաթելյանը:
Չնայած «Պատիվ ունեմ» խմբակցության ակնկալիքներին, իշխող խմբակցությունից շարունակում են վստահեցնել՝ իրենցից ոչ մեկը չի միանա Փաշինյանին հեռացնելու գործին: Իշխանությունը պատրաստվում է հերթական՝ 2026-ի ընտրություններին: