Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով արագացված ռեժիմով դատավարության անցնելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում Նարինե Ավագյանի նախագահությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատավարության նախորդ նիստում պատասխանող կողմը դատարանին միջնորդել էր, որպեսզի գործի քննությունն ընթանա արագացված ռեժիմով:

Այսօր իր դիրքորոշումը ներկայացրեց դատախազությունը: Փաստարկների մեջ, ի թիվս այլնի, նշեց նաեւ անհրաժեշտության դեպքում հայցի հիմքի առարկայի փոփոխություն բերելու իրենց հնարավորությունից չզրկելը:

«Դա ըստ մեզ ժամանակավրեպ է: Եթե դատախազությունը գտնում է, որ նման ցանկություն ուներ, պետք է արդեն իսկ դրսեւորած լիներ այսօրվա նիստից առաջ, ինչի իրավունքը չի իրացրել: Ու մենք չենք կարող անսահման ժամանակահատվածի վրա սպասել, թե մի օր իրենք կորոշեն հայցադիմումի փոփոխություն բերեն, թե ոչ: Առնվազն ակնհայտ է, որ այս պահի վարույթում գտնվող հայցով չկա որեւէ փաստական հանգամանք, որ սա հանցավորության դեմ պայքարի շրջանակում իրականացվող պրոցես է եւ պատճառահետեւանքային հնարավոր կապ կարող է լինել ենթադրյալ հանցանքի եւ ավելացած ակտիվի միջեւ:

Դատարանն իր հերթին այսօր մերժեց միջնորդությունը՝ հիմքում դնելով այն, որ մի բան եթե ակնհայտ է, այսքան երկար հիմնավորելու անհրաժեշտություն չկա: Դատարանի համար առնվազն այս պահին ակնհայտ չի, որ հայցն ակնհայտ անհիմն է կամ՝ ակնհայտ հիմնավոր: Ըստ էության նաեւ ամրագրեց, որ ինքը զրկված չէ սեփական նախաձեռնությամբ արագացված ռեժիմի անցնելու՝ տեղ թողնելով անհրաժեշտության դեպքում անցում կատարելու: Բայց մի բան ակնհայտ է. մենք այս պահին գործ ունենք ակնհայտ անհիմն հայցի հետ, որի փաստարկները թերի են ու չեն բխում Սահմանադրական դատարանից:

Կարծում եմ՝ դատարանի որոշումը հիմնավորված չէ: Ուղղակի այս պահին բողոքարկելու հնարավորություն չունենք: Բայց կարծում եմ, ընթացիկ իրավիճակով եթե հայցադիմումն ամբողջությամբ չմերժվի, ստիպված կլինենք հետաձգված բողոքարկմամբ այս հարցադրումը բարձրացնել հետագայում»,-Aravot.am-ին ասաց Սեդրակ Քոչարյանի, Զարուհի Բադալյանի, Գայանե Քոչարյանի ու Վիգեն Չատինյանի փաստաբան Հարություն Հարությունյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 30–ին, ժամը 16:00-ին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment