«Թվերը, որոնք գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը: Նախարարության ծախսերը կազմել են 285,7 մլրդ դրամ, կատարողականը՝ 80,9 տոկոս: Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ թերակատարման պատճառը հիմնականում պայմանավորված է հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման, բարելավման ծրագրի՝ նախատեսվածից ցածր կատարողականով: Նախարարությունն իրականացրել է 23 ծրագիր եւ 234 միջոցառում: 2024 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացվել են 7,8 մլրդ դրամի վերաբաշխումներ, 47 մլրդ 232 մլն դրամի գնումներ, որոնցից 1 մլրդ 464 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով: Նախարարությունը փաստացի հավաքագրել է 46 մլն դրամի տուրքեր եւ ունեցել է 20 մլն դրամի այլ եկամուտներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին կապիտալ բնույթի աշխատանքների ծավալը հասել է 63 մլրդ-ի: Նշվել է, որ կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշի աճը ցույց է տալիս, որ բոլոր պլանները, հավակնոտ ծրագրերն իրականացվելու են: «Այն թվերը, որոնք գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով նախարարության աշխատանքների ընդհանուր ուղղությունների մասին՝ զեկուցողը նշել է, որ բոլոր ուղղություններով եղել են նոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք արտացոլված են բյուջետային ծրագրերում: Նախարարը մանրամասն ներկայացրել է նախադպրոցական, հանրակրթության ոլորտում իրականացրած աշխատանքները, խոսել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված ծրագրերի, բուհերի խոշորացման եւ միավորման հայեցակարգի, գիտության ոլորտի ֆինանսավորման եւ արդյունքների, գիտության մրցունակության աճի մասին:

Հանրակրթության ծրագրին 2024 թվականին ուղղվել է ավելի քան 126.6 մլրդ դրամ եւ ապահովվել 99.8 տոկոս կատարողական:

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նախարարը խոսել է մշակութային ժառանգության, ժամանակակից արվեստի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Ժաննա Անդրեասյանը կարեւորել է նաեւ հաշվետու տարում կատարված օրենսդրական աշխատանքները, երիտասարդական կենտրոններ ձեւավորելու համար տրամադրված դրամաշնորհները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին: Զեկուցողի դիտարկմամբ այն ոլորտի առաջին օրենսդրական փաթեթն էր, որ ԱԺ հետ համագործակցությամբ է քննարկվել եւ ընդունվել: Ըստ նախարարի՝ ոլորտում առկա են ինստիտուցիոնալ հիմքեր հետագա զարգացման մասին խոսելու եւ աշխատանքներ իրականացնելու համար:

Վահե Հովհաննիսյանն ու Ժաննա Անդրեասյանը պատասխանել են պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ տարեկան հաշվետվության վերաբերյալ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment