«Ես որեւէ կոռուպցիոն դեպք չեմ տեսնում»․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ «Կրթվելը նորաձեւ է» արշավը բյուջեից ֆինանսավորելու մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ «Կրթվելը նորաձեւ է» արշավն իրականացվում է ՀՀ պետբյուջեի գումարներով։

Լրագրողներն այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարցրին՝ այստեղ կոռուպցիոն խնդիր չի տեսնո՞ւմ՝ հաշվի առնելով, որ դա քարոզչական բնույթի միջոցառում է։

«Ես որեւէ խնդիր չեմ տեսնում ձեր նկարագրածի մեջ, հրապարակվել է, որ պետական միջոցներով է իրականացվել, ինքներդ տեսնում եք, որ այդ միջոցառումները կատարվում են։ Ես ձեր հարցադրումներին պատասխանում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակներում եւ չեմ կարող այդ գործառույթների շրջանակից դուրս այլ մեկնաբանություններ կամ պատասխաններ հնչեցնել։ Եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե արդյոք այդտեղ կան կոռուպցիոն դրսեւորումներ, ես պատասխանում եմ, որ չկան։ Ես որեւէ կոռուպցիոն դեպք ձեր նկարագրածում չեմ տեսնում։ Եթե հարցը տարբեր ձեւակերպումներով 10 անգամ էլ տաք, պատասխանը նույնն է լինելու»,- ասաց Նահապետյանը։

Հարցին, թե կաշկանդվա՞ծ է խոսել Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտանիքի մասին, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը պատասխանեց, որ որեւէ կաշկանդվածություն չունի։

Անդրադառնալով հարցին, որ պարբերաբար կոռուպցիոն դեպքեր են բացահայտվում Երեւանի քաղաքապետարանում, քննության առարկա դառնո՞ւմ է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հավանական կապը այդ դեպքերի հետ, Նահապետյանն ասաց․ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննության առարկա դեպքերը ոչ թե պայմանավորված են կոնկրետ սուբյեկտներով կամ որեւէ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններով, այլ հանցանքի վերաբերյալ ստացված տվյալներով։ Եթե ունենում ենք որեւէ տվյալ որեւէ տեղ կատարված հանցանքի վերաբերյալ, ապա անպայման կատարվում են համապատասխան գործողություններ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment