«Այս բլոկում, որը նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի բլոկն է, բավական մեծ տոկոս են կազմում մեկ անձից գնումները։ Կխնդրեի, որպեսզի մեզ ներկայացնեք՝ վերլուծություն եղե՞լ է, ինչո՞ւ է այսպիսի պատկեր»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Այսօր նախորդ տարվա բյուջեի կատարողականն են ներկայացնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն։ Վլադիմիր Վարդանյան ասաց, որ այս մարմիններն իրենց բնույթով կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ։ Բայց պարզվում է՝ մեկ անձից գնումների ծավալն այս համակարգում մեծ է։ «Կներեք, մեկ անձից գնումը շատ դեպքերում լինում է անհրաժեշտ, շատ դեպքերում այս գնումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Ինչո՞ւ է մեզ մոտ այսպիսի իրավիճակ»,- հարցրեց նա։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ իրականում մեկ անձից գնումների ծավալը տարեցտարի նվազում է։ «Եվ այստեղ մենք պետք է նայենք բացարձակ թվերին եւ պետք է նայենք, թե ինչպիսի գնումներ են իրականացվում։ Սովորաբար մեկ միլիոնից պակաս գնումներն իրականացվում են մեկ անձից գնման ձեւով, որովհետեւ անիմաստ է ջուր առնելու կամ կենցաղային պարագաներ առնելու համար այս բարդ պրոցեսների միջոցով գնալ։ Եվ այս առումով կարեւոր է հասկանալ, թե որ գնումներն են իրականացվում մրցակցային եղանակով։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանն իր մրցակցային գնումների մասով մոտենում է աշխարհի ամենալավագույն ցուցանիշներին։ Մենք հույս ունեք, որ տարեցտարի բարելավելու ենք այս տոկոսը, մեր նպատակն է հասնել մեկ անձից գնումների 5 տոկոս մակարդակի, որը հիմա 7 տոկոսի կողմերն է»,- նշեց նախարարը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: