
«Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել է անհայտ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքներ»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
Նրա փոխանցմամբ, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական կլինեն։
Աբազյանը Ադրբեջանի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումը դրական է գնահատում։
Դիտարկմանը, որ բոլորը սպասում են արդյունքների, ԱԱԾ տնօրենն ասաց. «Մենք բոլորից շատ շահագրգռված ենք, որ օր առաջ արդյունք ունենանք։ Հիմա չեմ կարող ասել՝ արդյունք կունենանք հինգ օրից, մեկ ամսից կամ մեկ տարուց, բայց արդյունք ունենալու ուղղությամբ մեր կողմից ամեն ինչ արվում է»։
Հարցին՝ ե՞րբ կմտնեն Արցախի տարածք որոնողական աշխատանքների համար, Ա. Աբազյանն ասաց. «Չբարձրաձայնեմ, երբ կմտնենք, բայց նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։
Նա հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչներն ընդհանուր երկու հանդիպում են ունեցել։