ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները երկար ժամկետով չեն ձգվի. Պետդեպ

ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները երկար ժամկետով չեն ձգվի։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին «անհրաժեշտ են արդյունքներ և ժամկետներ»։

«Ցանկություն կա, որ սա ամիսներ շարունակ չձգվի կամ հանդիպումներն անցկացվեն միայն հանդիպումների համար։ Սա մեկ տարի չի տևելու», – ասել է Բրյուսը։

Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ եթե բանակցություններում հաջողվում է առաջընթացի հասնել, «ապա ամեն ինչ առաջ է շարժվում, և իրավիճակը կարող է իսկապես փոխվել»։

Ավելի վաղ ABC News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահը հիասթափված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքից և վերջին օրերին ավելի ու ավելի է հեռանում հակամարտության թեմայից։ Հրատարակության զրուցակիցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից կարգավորման վերաբերյալ հուշագրում ներառված են «անիրագործելի» կետեր։

Ռուսական և ուկրաինական կողմերը քննարկել են առաջարկվող հուշագրերը հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում։

Leave a Comment