Ստամբուլում անցկացված ռուս–ուկրաինական երկրորդ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկին ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին հորդորել է պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ մինչև հունիսի կեսը՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին ընդառաջ։ Սակայն արևմտյան դիվանագիտական աղբյուրները լրատվամիջոցներին տեղեկացնում են, որ ԵՄ-ն մտորումների մեջ է։ Իսկ Թուրքիայում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների՝ մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են հանգել ռազմագերիների նոր փոխանակման շուրջ։ Այդպիսով, 1․000-1․200 զինծառայող կարող է վերադառնալ իր երկիր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ուղիղ բանակցությունների համար՝ ստամբուլյան հերթական բանակցություններից հետո ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ Թրամփը, ըստ նրա, ցանկանում է, որ Պուտինն ու Զելենսկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Ստամբուլյան բանակցություններից հետո ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է հունիսի 20-ից 30-ը հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների միջև։
Կիևը պահանջել է վերադարձնել գերիներին և երկրից տարհանված երեխաներին։ Ռուսական կողմին մի քանի հարյուր երեխայի անուն է ներկայացվել։
«Ուկրաինացի երեխաների վերադարձը արդար և երկարատև խաղաղության անբաժանելի մասն է և վստահության հիմնական տարրը, մտադրությունների անկեղծության առաջին փորձությունը: Մենք սպասում ենք պատասխանի: Գնդակը Ռուսաստանի դաշտում է»,— ասել է Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
Ուկրաինան առաջարկել է նաև փոխանակել 19-25 տարեկան ծանր վիրավոր զինծառայողներին և զոհվածների մարմինները՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո ասել է, որ հաջորդ շաբաթ ուկրաինական կողմին կփոխանցվի 6․000 աճյուն։
Նա ասել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հանգել գերիների փոխանակման շուրջ։
Մոսկվան Կիևին 2-3 օրով հրադադար է առաջարկել ռազմաճակատի որոշակի հատվածներում, որպեսզի հնարավոր լինի հավաքել աճյունները։
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել խաղաղ կարգավորման իր պայմաններով հուշագիրը, որը չէր հրապարակվում մինչև բանակցությունները։ Երկու մասից բաղկացած փաստաթղթում նշված է, թե ինչպես է հնարավոր հասնել երկարաժամկետ խաղաղության, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն լիակատար հրադադարի համար։
Մոսկվայի փոխանցած փաստաթղթերն ուսումնասիրելու և հետագա քայլերի վերաբերյալ որոշում կայացնելու համար Կիևը մեկ շաբաթ է պահանջել։
Ռուսական հուշագիրը, ըստ միջազգային լրատվամիջոցների, կրկնում է նախկին պահանջները, մասնավորապես՝ Ուկրաինայի չորս շրջանների և Ղրիմի միջազգային ճանաչումը, ռազմական դաշինքների հարցում Կիևի չեզոքությունը, Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի բացառումը։ Ռուսական կողմի պահանջներից է նաև Ուկրաինայի զինված ուժերի և ազգայնական կազմավորումների լուծարումը։
Հուշագրում հիշատակվում եմ նաև ռազմական դրությունը չեղարկելու, զորահավաքը դադարեցնելու և արևմտյան զենքի մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ դրույթները։
Ստամբուլյան վերջին բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարություն է տարածել․
«Այսօր մենք իրավիճակը հստակորեն տեսնում ենք։ Եթե Ռուսաստանը Ստամբուլի հանդիպումը վերածի դատարկ խոսակցության, պետք է լինեն ճնշման նոր մակարդակ, նոր պատժամիջոցներ՝ և ոչ միայն Եվրոպայից։ Մենք պետք է աշխատենք համատեղ պատժամիջոցների վրա G7 մակարդակում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և աշխարհի բոլոր երկրների հետ, որոնք խաղաղություն են ցանկանում։ Շատ, շատ կարևոր է, որ մեր գործընկերներից յուրաքանչյուրն աջակցի հենց այս մոտեցմանը»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ Ստամբուլում բանակցությունների ավարտից հետո Telegram-ում գրել է․
«Ռուսները ամեն ինչ անում են պատերազմը շարունակելու համար։ Նոր պատժամիջոցները շատ կարևոր են հիմա։ Ռացիոնալությունը և Ռուսաստանը իրարից հեռու են»։
ԵՄ երկրներն ամենայն հավանականությամբ չեն հասցնի մինչև Մեծ յոթնյակի գագաթաժողովը նախապատրաստել հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը՝ DW-ին հայտնել են իր դիվանագիտական աղբյուրները։ Նրանց պարզաբանմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթը հնարավոր է պատրաստ չլինի մինչև հունիսի վերջը։ Մեծ յոթնյակի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-ից 17-ը Կանադայում։
ԵՄ դեսպանները մտադիր են պատժամիջոցների հարցը քննարկել հունիսի 4-ին՝ Բրյուսելում տեղի ունենալիք փակ հանդիպման ժամանակ։ Եվրոպացի դիվանագետները, սակայն, մտավախություն ունեն, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ սենատորների առաջարկած պատժամիջոցների մասին օրինագիծը հնարվոր է վնաս հասցնի նաև եվրոպական երկրներին, քանի որ այն նախատեսում է երկրորդական պատժամիջոցներ Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ: