Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության դեսպան Ֆրանսիայում Արման Խաչատրյանը ելույթ է ունեցել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի լիագումար նիստում, ընդգծելով այս ձևաչափի կարևորությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների համատեքստում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզին և Գորիս քաղաքին համաժողովն ընդունելու պատրաստակամության համար։ Նա նշել է, որ շուրջ 30 տարվա դադարից հետո ուրախությամբ է վերադարձել Գորիս՝ քաղաք, որտեղ ծառայել է զինվորական ծառայության ընթացքում և այսօր տեսնում է մի դինամիկ զարգացող համայնք։

Խաչատրյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա։ Նա հիշեցրել է, որ այդ հարաբերությունները ներառում են ռազմավարական ոլորտներ՝ պաշտպանություն, տնտեսություն, ենթակառուցվածքներ։ Ըստ նրա՝ համագործակցությունը զարգանում է գրեթե ամեն օր, ինչի վկայությունն է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի վերջերս կայացած այցը Հայաստան։

Դեսպանը նշել է, որ ապակենտրոնացված համագործակցությունն ամրապնդում է Հայաստանի անվտանգությունը, քանի որ համագործակցության մեջ ներգրավված են հատկապես սահմանամերձ մարզերը՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ։

Ըստ դեսպանի՝ համագործակցության ռազմավարական նշանակությանն ունի հստակ հիմնավորումներ։

«Առաջին՝ այն նպաստում է Հայաստանի անվտանգությանը։ Մասնավորապես, համագործակցության մեջ ընդգրկված մարզերը՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք և Տավուշ, սահմանամերձ են և խոցելի։ Այս համաժողովի անցկացումը հենց Սյունիքում խորհրդանշական է, ինչպես նաև մեր աջակցությունը՝ մարզի դիմակայունության ամրապնդման գործում։

Երկրորդ՝ քաղաքական աջակցությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023-ին Արցախից տեղահանված հայության ճգնաժամից հետո՝ Ֆրանսիայի գրեթե բոլոր համայնքները, մարզային ու ռեգիոնալ կառույցները ընդունեցին բանաձևեր, աջակցեցին Հայաստանին հումանիտար և քաղաքական մակարդակով։

Երրորդ՝ տնտեսական ուղղությունը։ Ապակենտրոնացված համագործակցության հիմնական նպատակը համայնքների տնտեսական կարողությունների ամրապնդումն է։ Գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնց մասին վստահ եմ՝ գործընկերները ևս կներկայացնեն։

Չորրորդ՝ սփյուռքի ներգրավումը։ Հայկական սփյուռքը Ֆրանսիայում կարևոր դեր ունի, և սփյուռքի ներկայացուցիչները ներգրավված են այս համագործակցության ծրագրերում։ Նրանցից ոմանք ներկա են նաև այս միջոցառմանը։

Եվ հինգերորդ՝ ժողովրդավարության աջակցությունը։ Այս համագործակցությունը խթանում է տեղական ժողովրդավարությունը Հայաստանում։ Ժողովրդավարական կառավարման փորձի փոխանակումը և ֆրանսիական մոդելների կիրառումը մեր համայնքներում օգնում են լուծել տեղական խնդիրներ և զարգացնել ժողովրդավարությունը երկրի տարբեր հատվածներում»,- նշել է դեսպան Խաչատրյանը։

Leave a Comment