
Քաղաքական զարգացումներին վերջին տարիներին կողքից հետևող «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը թեև դեռ որոշում չունի մասնակցելու գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին, բայց փոխարենն ունի նախընտրական ծրագիր: Անունն էլ է որոշել՝ «Առաջարկ Հայաստանին»:
«Դեռ շուտ է այդ մասին խոսելը, որովհետև ահագին ժամանակ կա, ու շատ բան կարող է փոխվել: Բայց եթե մասնակցեմ, մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվելու է «Առաջարկ Հայաստանին», – ասել է Ծառուկյանը:
Իր ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարում էր, թե չնայած հավակնություններ չունի վարչապետի պաշտոնին, բայց բացահայտեց իր նոր քաղաքական գաղափարը՝ ինքը կհամախմբի տարբեր մասնագետներին, որոնք կօգնեն Հայաստանը հանել ստեղծված վիճակից, իսկ դա կարող է իրականություն դառնալ վերկուսակցական ճանապարհով:
«Վարչապետի պաշտոնին ես հավակնություն չունեմ, ես պատրաստ եմ կազմակերպվելու, ներկայացնելու, ամբողջ աշխարհի մեր հայությանը, սփյուռքահայությանը, տեղի հայությանը, իրենցից անհրաժեշտ խորհուրդներ լսելու, ծրագրերին մասնակից լինելու, կազմակերպելու», – նշել է ԲՀԿ առաջնորդը:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ 2024-ին արված հարցումներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած կուսակցությունը բարելավել է իր վարկանիշը: Եթե 2021-ին ԲՀԿ-ն երրորդ տեղում էր որպես հարցվածների համար ամենամոտ կուսակցություն, այժմ երկրորդ տեղում է:
«Երկիրն այն վիճակին է, որ ոչ մի կուսակցություն չի կարող մենակ այս վիճակից հանել՝ ուզում է հինը լինի, ուզում է նորը լինի: Անհրաժեշտ է վերկուսակցական մի ուժ ստեղծել, համախմբել գաղափարը, միտքը», – ասել է Գագիկ Ծառուկյանը:
2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժի ղեկավարը իր 26 րոպեանոց հարցազրույցում թեև քննադատեց Հայաստանում ստեղծված իրավիճակը, բայց իշխանություններին ուղիղ չանդրադարձավ:
Ամիսներ առաջ՝ սեպտեմբերին էլ հայտարարել էր, թե չի միավորվի որևէ ուժի հետ, չի աջակցի որևէ շարժման, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ Գալստանյանին: Թեև մեկ տարի առաջ, երբ Գալստանյանը նոր էր սկսել անհնազանդության ակցիաները, Ծառուկյանը նրան հյուրընկալել էր իր հարկի տակ:
Երկու տարի առաջ՝ Գագիկ Ծառուկյանը դատից հետո, պատասխանելով լրագրողներին հարցերին, թե «չի՞ փոշմանել, որ 5 տարի առաջ ԲՀԿ-ն ընտրել է Փաշինյանին», նշել էր. – «Ինչի՞ համար պետք է փոշմանեի, ինչ-որ բան է փոխվե՞լ, երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է»:
Այս գործը դեռ դատարանում է: Ծառուկյանը, որը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար: Բացի քրեական գործից, նա անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Գլխավոր դատախազությունը նրա ունեցվածք որակել է ապօրինի: