«Մենք տեղյակ չէինք, որ Գյումրիում է». Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանի այցի մասին

Տեղական ընտրություններից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» կորցրեց իշխանությունը մեծությամբ երկրորդ քաղաքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Գյումրիում էր: Բայց դիմավորողների շարքում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չկար:

Երեկ մամուլում արդեն լուրեր էին շրջանառվում, որ Փաշինյանը հատուկ հրահանգել է, որ Ղուկասյանը չլինի դիմավորողների շարքերում: Չնայած այս հրապարակումներին, ինքը՝ Վարդան Ղուկասյանը «Ազատության» հետ զրույցում նախ զարմացավ, թե վարչապետը Գյումրիում է, հետո էլ պնդեց՝ տեղյակ չէ, հրավեր էլ չի ստացել. – «Մենք տեղյակ չէինք, որ Գյումրիում է, մեզ ոչ ոք ոչ մի բան չի ուղարկել»:

Այնինչ Շիրակի մարզի մյուս համայնքներում՝ Արթիկում, Ախուրյանում ՔՊ-ական համայնքապետերն էին դիմավորում կուսակցության ղեկավարին: Ի՞նչ է մտածում Ղուկասյանն այսպիսի տարբերակված մոտեցման մասին:

«Հիմա իրանք էդպես են մտածում, էդ մարդիկ խիստ կուսակցական են, ես ի՞նչ կարող եմ անել», – արձագանքեց Վարդան Ղուկասյանը:

Գյումրիի քաղաքապետը, ինչպես ընտրություններից առաջ ու հետո, հիմա էլ է պնդում, որ սուբորդինացիան կպահի, հրավիրեն, անպայման կգնա:

«Ասել ենք՝ երբ հրավիրեցին, մենք ի պաշտոնե կմասնակցենք, եթե չեն հրավիրում, մենք որպես ի՞նչ ենք գնալու», – ընդգծեց նա:

Իսկ թե ինչո՞ւ հրավիրված չէր Ղուկասյանը Գյումրիում կառուցված ու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզ Փաշինյանի շրջայցին, արդյոք իսկապես եղե՞լ է հատուկ հրահանգ, վարչապետի աշխատակազմից պարզել չհաջողվեց: Ամեն դեպքում՝ մամուլի երեկվա հրապարակումներին էլ չեն արձագանքել: Իսկ Փաշինյանը, որն այսօր՝ Շիրակի մարզ այցից առաջ ու դրա ընթացքում ֆեյսբուքում մի քանի աղմկահարույց գրառում է հեղինակել հոգևորականների մասին, անվտանգության խիստ հսկողությամբ եկավ, շրջեց ու «Ազատության» հարցերն անպատասխան թողեց, ասելով թե այսօր չէ, բայց առաջիկայում հարմար առիթի կխոսի:

Leave a Comment