
Հայաստանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է, և միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,-հայտնել է Գիրգորյանը։
Նա նաև խոսել է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը ներկայացնում է ստորագրման խոչընդոտների շուրջ իր մոտեցումները, իսկ հայկական կողմը ներկայացնում է իր մոտեցումները։
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանը ներկայացրել է նախապայմաններ, որոնցից մեկը վերաբերում է Մինսկի խումը լուծարելուն, իսկ մյուսը՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն։
Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումը ստորագրել միաժամանակ, հայտնի է նաև Հայաստանի Սահմանադրության հարցում Երևանի դիրքորոշումը։
Խոսելով սահմանազատման մասին նա ասել է․«Վերջին պայմանավորածությունն այն է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետից շարունակվելու է սահմանազատման գործընթացը, փորձում են բանակցությունների միջոցով հասնել լուծումների, որպեսզի շարունակվի սահմանազատման գործընթացը»,-հայտարարեց Գրիգորյանը: