Իրանը կարող է դադարեցնել ուրանի հարստացումը, եթե ԱՄՆ-ն ապասառեցնի իրանական միջոցները և ճանաչի Թեհրանի իրավունքը՝ քաղաքացիական նպատակներով ուրան մշակելու «քաղաքական համաձայնագրի» շրջանակներում, որը կարող է հանգեցնել ավելի լայն միջուկային համաձայնագրի։ Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկաակոչելով իրանական երկու պաշտոնական աղբյուրների։
Բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրները չորեքշաբթի օրը հայտարարել են, որ Միացյալ Նահանգների հետ շուտով կարող են քաղաքական համաձայնության գալ, եթե Վաշինգտոնն ընդունի Թեհրանի պայմանները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ հարցը «դեռևս չի քննարկվել» Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում։
Աղբյուրները «Ռոյթերզ»-ին հայտնել են, որ այս պայմանավորվածության համաձայն՝ Թեհրանը մեկ տարով կդադարեցնի ուրանի հարստացումը, իր բարձր հարստացված պաշարների մի մասը կուղարկի արտասահման կամ կվերածի այն քաղաքացիական միջուկային նպատակներով վառելիքային թիթեղների։
ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Իրանի հետ ցանկացած նոր միջուկային համաձայնագիր, որը կփոխարինի Թեհրանի և վեց համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի ձախողված համաձայնագրին, պետք է ներառի ուրանի հարստացման դադարեցման պարտավորություն, որը դիտվում է որպես միջուկային ռումբեր մշակելու հնարավոր ուղի։
«Ռոյթերզ»-ը նաև գրում է՝ Իրանը կարող է թույլատրել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի կազմակերպությանը ԱՄՆ տեսուչներ ուղարկել իրանական օբյեկտներ, եթե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները հաջողությամբ պսակվեն։
Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը, ինչպես սպասվում է, կանցկացնեն բանակցությունների վեցերորդ փուլ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը լուծելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է «լավ լուրեր»։
«Բնական է, որ թշնամական երկրների տեսուչներին թույլ չեն տալիս մուտք գործել, բայց եթե միջուկային համաձայնագիր կնքվի, մենք կարող ենք թույլ տալ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության համար աշխատող ամերիկացի տեսուչներին այցելել մեր միջուկային կայաններ», – Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Էսլամին։