Ազգային-ժողովրդավարական բևեռի ողջույնի ուղերձը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին
Ազգային-ժողովրդավարական բևեռը ողջունում է Ֆրանսիայի արտգործնախարար պարոն Ժան-Նոել Բարոյին և բարի գալուստ է մաղթում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան։ Մենք մեծապես կարևորում ենք այս այցը՝ այն համարելով Ֆրանսիա–Հայաստան հարաբերությունների խորացման և համապարփակ զարգացման հնարավորության կարևոր քայլ։ Հայ ժողովուրդը պատմականորեն առանձնահատուկ տեղ է հատկացնում Ֆրանսիային՝ որպես համամարդկային արժեքների, ազատության և արդարության դրոշակակրի։
Մենք նաև հավատում ենք, որ այս այցը կարող է նոր թափ հաղորդել հայ–ֆրանսիական փոխհարաբերություններին, ինչպես նաև Հայաստան-Եվրոմիություն խոր և ընդգրկուն համագործակցությանը՝ մասնավորապես ժողովրդավարության, պետական ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական գործընկերության ամրապնդման ոլորտներում։ Միևնույն ժամանակ ափսոսանքով նշում ենք, որ Հայաստանի ներկա իշխանությունները փաստացի չեն ներկայացնում հայ ժողովրդին և, չնայած բազմիցս հնչեցված հավաստիացումներին, գործնականում որևէ համարժեք քայլ չեն ձեռնարկում հայ-ֆրանսիական հարաբերությունների բովանդակային զարգացման ուղղությամբ։
Այդ իրողությունը հստակ արձանագրվեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում արված հայտարարություններով։ Այդուհանդերձ, Ազգային-ժողովրդավարական բևեռը համոզված է, որ հայ ժողովուրդը ձգտում է ունենալ փոխշահավետ սերտ հարաբերություններ այն պետությունների հետ, որոնք սատարում են նրա անվտանգությանը, ազատությանն ու արժանապատվությանը, և այդ պետությունների շարքում առաջնահերթ տեսնում է հենց Ֆրանսիայի Հանրապետությանը։ Մաղթում ենք բովանդակալից և արդյունավետ այց՝ ի նպաստ հայ–ֆրանսիական բարեկամության ամրապնդման։
Ազգային ժողովրդավարական բևեռ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: