Երևան, մայիսի 23, 2025 թ. – Ես՝ Սիրանուշ Սահակյանս, իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, նաև նրա միջազգային իրավական թիմի անդամ, հայտարարում եմ, որ Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200 էջից ավելի) վերանայելուց հետո, ակնհայտ է, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական դրդումներով են պայմանավորված, իրավական հիմք չունեն և կազմում են միջազգային իրավունքի և արդար դատաքննության սկզբունքների կոպիտ խախտում:
Փաստաթղթում առանձնանում են մի քանի կարևոր կետեր.
Առաջին՝ հիմնարար իրավական սկզբունքներին ուղղակի հակառակ, մեղադրանքը փաստորեն Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկում է որպես քրեական պատասխանատվության հիմք: Մեղադրանքների ձևակերպումը ենթադրում է, որ միայն էթնիկ պատկանելությունը ծառայում է որպես մեղքի հիմնական ապացույց։ Սա խաթարում է ժամանակակից արդարադատության համակարգերի հիմքը՝ nullum crimen sine lege («ոչ մի հանցագործություն առանց օրենքի») սկզբունքը և անհատական քրեական պատասխանատվության պահանջը։
Երկրորդ՝ մեղադրանքը մոտավորապես 150.000 հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) որակում է որպես քրեական կազմակերպություն: Այս բանը հակասում է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Մեղադրանքում այս իրավունքը սխալ կերպով բնութագրվում է որպես ատելության դրդում: Այսպիսով, փաստաթուղթը հետադարձ ոճով քրեականացնում է քաղաքական էություն, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է դարձվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել մինչև 30 տարի առաջ՝ նրա չճանաչված հանրապետություն ժամանելուց առաջ:
Երրորդ՝ մեղադրանքը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է Ադրբեջանի պետական սահմանը անօրինական հատելու մեջ, որը ծառայեց նրա 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ձերբակալության պատճառ: Սակայն այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ավելին, Ադրբեջանն իր վրա պարտավորություն էր վերցրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի պայմանների համաձայն երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատեց այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն կայացրեց պարտադիր որոշումներ, որոնք հաստատում էին Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել երկուստեք տեղաշարժման անհրաժեշտությունը: Նմանատիպ որոշումներ կայացրեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի կալանքի համար ոչ մի իրավական հիմք չկար: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես դիտարկվել է որպես վիճելի տարածք, սակայն մեղադրական եզրակացությունը այս միջազգային վեճի առարկան՝ տարածքի իրավական կարգավիճակը և կիրառելի սահմանային ռեժիմը, դիտարկում է որպես հաստատված փաստ։ Այդպիսով, մեղադրանքի կողմը թույլ է տալիս petitio principii-ի («հարցը բարձրացնելու») տրամաբանական սխալը՝ որպես ապացույց օգտագործելով մի պնդում, որն ինքնին պահանջում է իրավական որոշում։
Վերջապես, մեղադրական եզրակացությունը ներկայացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների կողմից՝ աշխարհի խոցելի բնակչությանը օգնելու համար, որպես կազմակերպություն, որը ենթադրաբար ֆինանսավորում է ահաբեկչությունը: Այս մեղադրանքը ակնհայտորեն աբսուրդային է, հաշվի առնելով, որ «Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որը օգնություն է տրամադրում ամբողջ աշխարհում ճգնաժամերի զոհերին: Այս տրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնությունը հավասարեցվում է հանցավոր գործունեության:
Ամփոփելով՝ մեղադրանքը ոչ միայն քաղաքական դրդումներով է պայմանավորված. այն կազմում է հիմնարար իրավական սկզբունքների խորը աղավաղում և վտանգավոր նախադեպ է ստեղծում:
Սա առանձին դեպք չէ: Բաքվում ներկայումս կալանավորված յոթ հայեր արդեն դատապարտվել են երկար ազատազրկման՝ քաղաքական դրդումներով և իրավապես անհիմն մեղադրանքներով՝ որը պարզ արհամարհանք է արդարադատության և օրինական գործընթացի միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ: Մնացած տասնվեցը այժմ գտնվում են նմանապես անարդար և քաղաքականապես շարժառիթ դատավարությունների եզրին:
Դուք կարող եք կարդալ մեղադրանքի հատվածը՝ որը պարզորեն ցույց է տալիս մեղադրանքների անիմաստությունը, քաղաքական շարժառիթները և իրավական անվավերությունը՝ հետևյալ հղմամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: