«Իմ բառապաշարում դուք լսե՞լ եք՝ «կոնտրոլի տակ», ես չունեմ նման բառապաշար»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին հարցին։
«Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցությունները, զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել»,–ասաց նա՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումը՝ տեւական ժամանակ իր հետ չի շփվել, հավանաբար ներկայիս իրավիճակին է վերաբերել․ «Կարծում եմ՝ ինքը նկատի ուներ այսօրվա պարագան, բայց 2018–ին այդպես չէր։ Համենայնդեպս, այդ մանրամասներն ի՞նչ հետաքրքիր է։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց ես կարող եմ բարձրաձայնել այն ժամանակ, երբ նպատակահարմար համարեմ։ Դուք 10-15 տարի հետեւել եք իմ լեքսիկոնին, երբեւէ լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը։ Ես չունեմ այդպիսի բառապաշար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ իր ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ 2018–ի իշխանափոխությունից օրեր առաջ ինքը զանգահարել է Սերժ Սարգսյանին, հայտնել իր մտահոգությունները, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ամեն ինչ իր «կոնտրոլի տակ է»։
«Դրանից 5-6 օր անց հրաժարական տվեց»,– հավելել էր Քոչարյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: