ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգային հարցերից է ԱՊՀ մասնակից պետություններում անձանց միջպետական հետախուզմանը վերաբերող արձանագրության վավերացումը։ Դեռ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, և դրանք պետք է վավերացվեն։ Հարցը խորհրդարանին է ներկայացրել ներքին գործերի նախարարությունը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այն արդեն դրական եզրակացություն է ստացել։
ԱՊՀ տարածքում հայտարարված միջազգային հետախուզման աշխատանքներն առավել արդյունավետ և օպերատիվ իրականացնելու նպատակով՝ համապատասխան արձանագրությամբ փոփոխություն է կատարվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում։ Որպեսզի այն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է նաև ՀՀ ԱԺ-ի վավերացումը։ Հարցը խորհրդարանին է ներկայացնում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը․
«Հիմնական բովանդակությունն այն է, որ նախագծով նախատեսված փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին՝ տեղեկատվական գործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները։ Այս պահի դրությամբ ԱՊՀ հետախուզումներն իրականացվում են ամբողջությամբ թղթային եղանակով։ Փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում այդ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել մյուս կողմին նաև էլեկտրոնային եղանակով։ Այս պահին ոչ թե ամբողջական դատաբազայի մասին ենք խոսում, այլ ՝ զուտ լուսապատճենների, սքանավորված տարբերակների մասին»։
Նախաձեռնությունն ուշագրավ է հատկապես հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին հայտնաբերելու տեսանկյունից։ Մինչ Հայաստանի իրավապահները հարուցված տարբեր գործերի շրջանակում խոսում են այս կամ այն նախկին պաշտոնյայի հետախուզման մասին, զուգահեռ տարածվում են լուրեր այդ պաշտոնյաների գտնվելու հավանական վայրերի մասին։ Նրանց մի մասը, ըստ տարբեր տեղեկությունների, ընտրել է հենց Ռուսաստանը։
Օրինակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավված, ըստ որոշ հրապարակումների՝ Մոսկվայում է։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է, քանի որ Ինտերպոլը գործը համարել է քաղաքական։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը եւս, ըստ լուրերի, Մոսկվայում է, մեղադրվում է փողերի լվացումից մինչև կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Նա հետախուզվում է 2019-ից։
2018 թվականի հուլիսի 3-ին Մարտի 1-ի գործով որոշում կայացվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավել։ Հարությունյանի հետախուզումը շարունակվում է։ Նա, ըստ մամուլի տեղեկությունների, ապրում է Մոսկվայում։ Անգամ այս տեղեկությունների ու կադրային ապացույցների պարագայում նրան և այլ նախկին պաշտոնյաների ՌԴ-ից չեն հանձնել ՀՀ իշխանություններին։
Օրեր առաջ էլ ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուժային և դատաիրավական կառույցների ղեկավարներից պահանջում էր քայլեր ձեռնարկել՝ վերադարձնելու երկիրը լքած նախկին պաշտոնյաներին։
«Մարտի 1–ի զեկույցները մնում են շատ ակտուալ, որովհետև ուզենք, թե չուզենք մարտի 1–ի զեկույցներն իրենց ոչ միայն արժանի գնահատականը չեն ստացել, այլև դատաքննության փուլում չի պարզաբանվել 0038 հրամանը, դրանում ներգրավված ԶՈՒ–ները, այն պաշտոնյաները, որոնք որոշումներ էին կայացնում արտակարգ դրության ժամանակ։ Այն նախարարներին, որոնք լքեցին Հայաստանը, մինչև հիմա չենք կարողանում գտնել։ Ո՞ւր է Միքայել Հարությունյանը։ Պետք է գտնենք։ Պաշտպանության նախարարները, որոնք երկիրը պետք է պաշտպանեին, փախան։ Վիգեն Սարգսյան, Միքայել Հարությունյան, Արշակ Կարապետյան։ Սա ինչ է աղետ է, ինչ փորձանք է։ Բոլորը պետք է գան և պետք է այս երկրի առաջ ․․․ Այդ պաշտոնը ստանալիս իրենք երևի չեն հասկացել, որ դրանք այն պաշտոններն են, որոնց բերումով տրվում է մեծ պատասխանատվություն։ Անվտանգային համակարգի թիվ մեկ պաշտոնյաներն են եղել։ Չկան, ցնդեցին»։
Հետախուզվող նախկին պաշտոնյաները հիմնականում անցնում են մի քանի գործով։ Մարտի 1-ից բացի՝ կա նաև Հոկտեմբերի 27-ի գործը։ Այս գործի բերումով երկիրը լքածների ցանկը համալրեց, օրինակ, Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, որի նկատմամբ նույնպես հայտարարված է հետախուզում։ 2019-ին նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել 51 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով։ Ուզունյանը ՀՀ սահմանը հատել էր՝ արդեն իսկ ունենալով մեղադրյալի կարգավիճակ։ Նրա գտնվելու վայրն անհայտ է։
Հետախուզվող նախկին պաշտոնյաների տպավորիչ ցանկ կա նաև փողերի լվացման կամ ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձին առնչվող քրեական գործերով։ Դրանց շրջանակում Անդրանիկ Քոչարյանը վերջերս հիշել էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։
«Մենք բնապահպանության նախարար ունեինք, որը փախավ, Հարությունյան ազգանունով։ Նրա հանդեպ կար քրեական գործ հատուկ քննչական ծառայությունում։ Դա ինչ-որ շարունակություն ունեցա՞վ, թե ոչ, որովհետև ինքը հետախուզման մեջ է։ Աշխատանք տարվո՞ւմ է օպերատիվ ծառայությունների կողմից, որ հայտնաբերեն և հրավիրեն Հայաստան, որպեսզի գա և պատասխանի մեր քննիչների հարցերին»։
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվել է 6 տարի առաջ։ Վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը» և «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում» հոդվածներով։
Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Արթուր Նահապետյանն այս գործով առանձնապես ասելիք այս պահին չունի։
«Հետախուզվողների մասով, վստահաբար, կարող եմ ասել, որ համապատասխան իրավասու մարմինների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որպեսզի յուրաքանչյուր հետախուզվող հայտնաբերվի և ներկայացվի վարույթ իրականացնող մարմնին։ Չկոնկրետացնեմ անձանց մասով, բայց կարող եմ վստահեցնել, որ թե նախաքննական մարմինը՝ իր հանձնարարություններով և համապատասխան գրություններով, թե իրավասու ստորաբաժանումը, որը զբաղվում է անձանց հետախուզմամբ, և թե նրանց հայտնաբերելու վարույթն իրականացնող մարմիններն ամենօրյա ռեժիմով ձեռնարկում են միջոցառումները, որպեսզի հայտնաբերվեն այդ մարդիկ»։
Որքանով այս հարցերը կառնչվեն «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրի արձանագրության վավերացմանը, ցույց կտա քննարկումը արդեն ԱԺ լիագումար նիստում։ Հարցն ընդգրկվել է մայիսի 27-ին մեկնարկելիք լիագումար նիստերի օրակարգում։