Անչափահասները, թմրանյութաշրջանառությունը և դրանց կապը բացահայտող միջոցառումները․ ամփոփում են ուժայինները

Արդյո՞ք Մխչյան գյուղի դպրոցում տեղի ունեցած միջադեպը կապ ունի թմրանյութի տարածման հետ․ այս հարցը դեռ պատասխան չունի՝ ասում է Քննչական կոմիտեի՝ թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը։ Մայիսի 12-ին Մխչյանի դպրոցում չորրորդ դասարանի և ավագ դպրոցի մի քանի աշակերտի միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Հայտնի է, որ երեխաների քթանցքներին սպիտակ փոշենման զանգված են քսել, այնուհետև տեղի ունեցածի մասին չպատմելու համար նրանցից գումար են պահանջել։

Համբարյանն ասում է՝ ֆիզիկական ներգործություն կատարելու և անօգնական վիճակում գտնվող անչափահասից նախնական համաձայնությամբ շորթման դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հետագայում նաև՝ Քրեական օրենսգրքի 392-րդ՝ «Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածի հատկանիշներով․

«Բայց էստեղ ևս մի շատ կարևոր հանգամանք կուզենամ նշել․ ես առաջին իսկ օրից, լրահոսին հետևելով, տարբեր լրատվական կայքերում տեսնում էի հրապարակումներ, երբ ասում էին, որ երեխաները կախվածության մեջ են ընկել, ինչից հետո բազմաթիվ անգամներ տնից գումար են գողացել թմրամիջոցների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար, սակայն քրեական վարույթում նման տվյալներ առկա չեն, և գումարը վերցնել և մյուս անձանց փոխանցելը կրել են միայն այդ տվյալները չհրապարակելուն ուղղված գործողությունների բնույթ։ Այսինքն` թմրամիջոցներից կախվածության մասին այս պահին որևէ տվյալ մենք չունենք։ Արդյոք երեխաների օրգանիզմում կա թմրամիջոց, թմրամիջոցի ազդեցության հետքեր՝ կպարզի տոքսիկաքիմիական փորձաքննությունը, որը նշանակված է, սակայն դեռևս եզրակացությունը առկա չէ»։

Դպրոցում թմրանյութերի տարածվածության մասին պատկերացումները խիստ ուռճացված են՝ ասում է Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2024-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածով քրեական պատասխանատվության է ենթարկվել 1․228 անձ, նրանցից անչափահաս են եղել միայն 7-ը, այսինքն՝ 0,5 տոկոսը։

«Կարող եմ մեկ օրինակ բերել․ 2022 թվականին տեղեկություն ստացանք, որ X դպրոցում անչափահասը փոշենման զանգված ունի և ցույց է տվել իր դասընկերուհիներին։ Վարույթը նախաձեռնվեց, փորձաքննությունը անցկացվեց և պարզվեց, որ դա վիտամին C էր, բայց այդ ֆոնի վրա տեղեկատվական դաշտը այնքան ակտիվացավ, որ գրեթե կարծես էնպիսի տպավորություն ստեղծվեց, որ բոլոր կրթական հաստատություններում դա կա։ Կարող է պաշտոնական վիճակագրությունից տարբերվել իրական վիճակը որոշակի չափով, բայց իրականում, եթե նույնիսկ դա էլ հաշվի առնենք, իրավիճակը այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում է տեղեկատվական դաշտում, հատկապես կրթական հաստատությունների հետ կապված, որովհետև մենք կրթական հաստատություններում թմրամիջոցի գործածման դեպք, դեռևս հաստատված դեպք չունենք»։

Հնարավոր դեպքերը կանխելու համար մի շարք միջոցներ են ձեռք առնվում՝ վստահեցնում է Էդգար Պետրոսյանը։ Օրինակ՝ 2024-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՆԳ նախարարությունը Հայատսանի 1․700 կրթական հաստատություններում ուսումնասիրել է տեսախցիկներով հագեցվածության աստիճանը։ Այդ տվյալների հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը կրթական հաստատությունների անվտանգության համակարգ է ստեղծելու․

«Ոստիկանությունը դիտարկում է նաև դրսի հատվածում տեսախցիկների առկայությունը, որովհետև մեծ ընդմիջումների ժամանակ, հատկապես սննդի կետերում, որտեղ երեխաները հավաքվում են, էդտեղ որոշակի ռիսկային գործոններ կան, բայց նաև դպրոցի հետնամասում, որտեղ կան դաշտեր, խաղահրապարակներ, էդտեղ նույնպես ոչ միայն թմրամիջոցների, այլ նաև կոնֆլիկտների իմաստով տեսախցիկների առկայությունը ցանկալի է»։

Վարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն կամ գերպասիվություն, բիբերի լայնացում կամ խիստ նեղացում, անբացատրելի ուրախություն, ծիծաղ․ սրանք առաջին նշաններն են, որոնք նկատելու դեպքում ծնողը պետք է ավելացնի զգոնությունը։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Հովհաննես Համբարյանը ծնողներին հորդորում է մեծ ուշադրություն դարձնել նաև երեխայի ունեցած գումարին․

«Բազմաթիվ անչափահասներ սկսում են զբաղվել թմրամիջոցների իրացմամբ և մտնել նշված գործունեության մեջ՝ բացառապես գումար աշխատելու ցանկությամբ։ Ֆինանսական հոսքերին հետևելը և նրանց մոտ անհասկանալի դրամական միջոցների առկայությունը կարող է շատ լավ ազդակ լինել, որ երեխան ներգրավված է ինչ-որ բաներում»։

Իրավապահները թմրանյութաշրջանառության մեջ անչափահասների ակտիվ ներգրավվածության մասին տվյալներ չունեն, սակայն հորդորում են նման երևույթների առնչվելիս չխուսափել մասնագետներին դիմելուց՝ վստահ, որ բոլոր գործողությունները կկատարվեն երեխայի լավագույն շահը հաշվի առնելով։

2024-ի թվականին առգրավվել և փորձաքննության են ուղարկվել 426 կգ 563 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Այսքան թմրանյութ մտել է Հայաստան, բայց չի հասցրել շրջանառվել։

2025-ի առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է թրմամիջոցների ապօրինի շրջանառության 982 դեպք, պատասխանատվության է ենթարկվել 324 անձ։ Այս ժամանակահատվածում սահմանային անցակետերում արդեն հայտնաբերվել է 173 կիլոգրամ թմրամիջոց։

Leave a Comment