Անպատկառության, անլրջության, անպատասխանատվության ու խայտառակության աննախադեպ ստուգատես հայոց խորհրդարանում…

«Ամբողջ ազգեր կսարսափեին, եթե իմանաին, թե ինչպիսի մանր մարդիկ են իշխում իրենց»․ Շարլ Մորիս դե Տալեիրան Պրիգոր, 19-րդ դարում Ֆրանսիաի արտգործնախարար։

Հայ ժողովուրդը 2025թ. մայիսի 14-ին շրջեց իր պատմության ամոթալի, հերթական էջերից ևս մեկը…։ Սիրելի ժողովուրդ, դու անգամ օտարների կարծիքով լինելով այդքան տաղանդավոր, համաշխարհային քաղաքակրթության մեջ այդքան ավանդ ունեցած, լինելով մարդկության նախահայրը, առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգ, մի՞թե այսպիսի խորհրդարանի, այսպիսի իշխանությունների էիր արժանի։ Խորհրդարան, որ վերածվել է «ռազբորկաների» վայրի, որտեղ շատերը տգետ, պատահական, անհայտ ծագում ու անցյալ ունեցողներ են և առավելապես զբաղված են «փոխհրաձգություններով», փոխադարձ մեղադրանքներով, հայհոյանքներով, վիրավորանքներով, հաշիվներ պարզելով, պոպուլիզմով և անբովանդակ ու անպտուղ քննարկումներով։ Մինչդեռ երկիրը համակողմանի ճգնաժամի մեջ է, բազմաթիվ լուծում պահանջող խնդիրների առաջ է կանգնած։ Իսկ աշխարհն արդեն յոթ տարի հեգնանքով ու զարմանքով մեր երկրում կատարվող զավեշտին, անտրամաբանական ու տարօրինակ գործընթացներին է հետևում։ Դու չունեցար քո էլիտան, ժողովուրդ, չգնահատեցիր քո հերոսներին, քո արժանավորներին, երևելիներին, ապաշնորհներին, պարտվածներին ու ազգն ուրացողներին բերեցիր իշխանության և հիմա պտուղները վայելում ես։ Սիրելի՜ ժողովուրդ, այսքան տառապանքներով ու դաժան փորձություններով անցար ու այդպես էլ չիմաստնացար, ձեռք չբերեցիր քաղաքական հասունություն, այդպես էլ արժանապատվությունը, պետությունն ու հայրենիքը չդարձան քեզ համար գերագույն արժեք, այդպես էլ չգիտակցեցիր, որ պետություն կառավարելը արվեստ է, իմաստունների գործ է, որ փողոցը, ապաշնորհ, պատահական մարդիկ չեն կարող արդյունավետ պետություն կառավարել, որ քաղաքական գործընթացներին ու պետականությանը պետք է լուրջ վերաբերվել։ «Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական- զուտ ազգային օրենք…», կարծես այսօրվա համար է ասել Հովհաննես Թումանյանը։ Իսկ ժողովրդավարությունն էլ ամենևին ամբոխի, զանգվածների իշխանությունը չէ, սիրելի ժողովուրդ։ Զանգվածներն օժտված չեն մտավոր-տեղծագործական այնպիսի որակներով, որպիսին օժտված են անհատները։ Ալֆրեդ Նոբելն էլ այս կապակցությամբ այն կարծիքն է հայտնել, որ. «Ցանկացած ժողովրդավարություն ի վերջո տանում է դեպի տականքների բռնապետություն»։ Մենք այս աննախանձելի ու խղճուկ վիճակին հասանք նաև մեր քաղաքական պասիվության հետևանքով։ «Նրանք, ովքեր իրենց բավարար խելացի են համարում, որ չզբաղվեն քաղաքականությամբ, պատժվում են նրանով, որ իրենց կառավարում են իրենցից ավելի հիմար մարդիկ». ասել է Պլատոնը։

Հայկ Ղազարյան

Leave a Comment