ՆԳՆ-ն պետական գաղտնիք է համարում, թե ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը ում «բանավոր պայմանավորվածությամբ» է դադարեցվել – HayqNews

ՆԳՆ-ն հրաժարվում է հայտնել, թե երբ եւ ում բանավոր պայմանավորվածությամբ է ադրբեջանցի ռազմական հանցագործների, այդ թվում՝ անպաշտպան տարեց արցախցուն գլխատած Քյամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցվել։ Այդ տեղեկությունը համարում եմ ծառայողական գաղտնիք։ 

Հիշեցնենք, որ  ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլին մեղադրվում է պատերազմական հանցագործության մեջ։ Վերջինս Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում գլխատել է անզեն ծերունուն և տեսանյութը հրապարակել։ ՀՀ իշխանությունները պաշտոնապես հաստատել էին, որ նրա նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՝ 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։

 «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։  Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007թ չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024թ կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին դատախազությունից՝ շուրջ մեկ ամիս առաջ։ Այս մասին «Փաստինֆո»-ն մանրամասն անդրադարձել է նախորդ հրապարակմամբ։ 

 «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր նաև ՀՀ ՆԳՆ-ին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք 20 ադրբեջանցու նկատմամբ ևս դադարեցվել է միջպետական/միջազգային հետախուզումը, եթե այո, ապա ինչ հիմքով, ի վերջո,  «փոխադարձության» սկզբունքով Ադրբեջանի կողմից քանի ՀՀ քաղաքացու նկատմամբ է դադարեցվել հետախուզումը, ինչպես նաև՝ քրեական հետապնդումը, արդյոք հետապնդումները և հետախուզումները դադարեցվել են նաև Արցախյան ազատամարտի մասնակիցների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, պատերազմի մասնակիցներ Վովա Վարդանովի, Արթուր Այվազյանի նկատմամբ։ Առանձին հարցադրմամբ հետաքրքրվել էինք նաև, թե արդյո՞ք Ադրբեջանը դադարեցրել է առնվազն 300 հայի նկատմամբ իրականացվող հետախուզումը։ 

Նշված հարցադրումներին պատասխանելու համար ՆԳՆ-ն 30-օրյա ժամկետ է խնդրել՝ փորձելով հասկանալ՝ «ինչպես վարվել», ապա՝ վերջին՝ 30-րդ օրը, մերժել տեղեկության տրամադրումը։ Պարզվում է՝ բանավոր պայմանավորվածությամբ հետախուզում դադարեցնելը ՆԳՆ-ն ծառայողական գաղտնիք է համարում։

Մասնավորապես,
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված՝ փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման /չհայտարարման պայմանավորվածությունը հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, այն է` «Ծառայողական օգտագործման համար» փաստաթուղթ և «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով ամրագրված դրույթների համաձայն հրապարակման ենթակա չէ»,- նշված  է ՆԳՆ պատասխանում։

Նշված պատասխանով եւս մեկ անգամ վերահաստատվում է, որ իրավապահ մարմինները կայացրել են կամայական որոշում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործի նկատմամբ դադարեցնելով հետախուզումը եւ իրենց ապօրինությունը քողարկում են  «պետական գաղտնիք» ձեւակերպմամբ։Ավելին՝ իրավապահ մարմինների մեր աղբյուրները նշում են, որ 2007 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի դատախազությունների միջեւ չի եղել որեւէ շփում, համագործակցություն ու պայմանավորվածություն ձեռք բերվել չէր կարող, ավելին՝ «բանավորը» պայմանավորվածությունը իրավական հիմք չէ տվյալ պարագայում։ Գործող իշխանությունները առանց հիմքերը շրջանառության մեջ են դնում 2007 թվականը՝ կրկին փորձելով իրենց՝ ՀՀ շահերին հակասող քայլերը պատասխանատվությունը բարդել նախկինների վրա։ Մինչդեռ՝ 2024թ․-ին ոչ թե վերահաստատվել, այլ հենց Փաշինյանը իշխանությունն է  ձեռք է բերել պայմանավորվածություն, պարտավորություն՝ կասեցնելու ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը ։

Իզաբել Սահակյան

Leave a Comment