Հայաստանի՝ անգամ ամենափորձառու բժիշկների մասնագիտական կյանքում օրերս արտառոց դեպք է գրանցվել․ շտապ կեսարյան հատման է հասցվել 36 շաբաթական հղի, ում որովայնը պատռվել է քամու հետևանքով պոկված տանիքի թիթեղից։ Րոպեների ընթացքում կազմակերպված վիրահատական միջամտությունից հետո պետք է բժիշկները գնահատեին, որ երեխան փրկել է մոր կյանքը, այլապես վնասվածների հետևանքը կարող էր անդառնալի լինել։ Ինքը՝ փոքրիկը, ծնվել է՝ ճակատին մոտ 5 սմ վնասվածքով։ Ժամանակից շուտ ծնված փոքրիկն այժմ լավ է, մայրը՝ ևս, կարոտած իր՝ դեռ չտեսած նորածին աղջնակին ու տանը սպասող 2 որդիներին։
Էրեբունի Բժշկական կենտրոնի ամենափորձառու բժիշկներն էլ են զարմացած Հայաստանում և կարծում են նաև աշխարհում գրանցված եզակի դեպքից։ Սա արտառոց էր՝ ասում է հղի կնոջ կեսարյան հատմանը մասնակցած Էրեբունի ԲԿ–ի ծննդատան ղեկավար, իր մասնագիտական կյանքում բազմաթիվ բացառիկ իրավիճակներ տեսած բժիշկ Անդրանիկ Պողոսյանը։
«45 տարվա բժշկական իմ պատմության մեջ նման դեպքի չէի հանդիպել, երբ բնության աղետի հետևանքով տուժի դեռ չծնված երեխան։ Սա Աստծո հրաշք էր նաև»։
Երեխան ծնվել է վնասվածքով՝ փրկելով մոր կյանքը։
«Հղին տեղափոխվել է անձնական մեքենայով։ Երկուսից–երեք թոպեի ընթացքում ամբողջ մասնագիտական խումբը կոնսիլիումի արդյունքում եկել է հրատապ գործողություններ կատարելու որոշման»։
Կիրակի երեկոյան մայրաքաղաքում սաստիկ քամու ժամանակ Ռուզաննան դուրս է շտապում բակ՝ երեխային տուն բերելու։ Տանից դուրս գալն ու դեպքը մեկ ակնթարթ են տևում։ Իրենց սեփական տան տանիքից պոկվում է ասբեստյա թիթեղն ու հարվածում բակում գտնվող հղի կնոջը։ Պատռվում են որովայնն ու արգանդը։ Այս մասին արդեն իր ու երեխայի կյանքին սպառնացող վտանգը հաղթահարելուց հետո՝ արդեն հիվանդանոցում պատմում է 23-ամյա Ռուզաննան։
«Ուժեղ քամի էր, գնում էի բակում գտնվող երեխայիս տուն բերեի։ Բայց ես իրան չհասա էլ։ Դեպքի ժամանակ տանիքից թիթեղը պոկվեց ու հարվածից ինձ վնասեց։ Դրա հետևանքով պատռվածք ստացա ու արնահոսությունից մեր հարևանը տեղափոխեց հիվանդանոց։
Անսպասելի ու ծանր վնասվածք ստացած Ռուզաննային ընտանիքի անդամներն ու հարևաններն արագ օգնության են հասնում, ապա նրան սաստիկ ցավերով, պտղաջրերի ու արյան առատ հոսքով շտապ հասցնում հիվանդանոց։ Երրորդ երեխային սպասող կնոջը ողջ ճանապարհին ծանր մտքեր են տանջում։
«Մտածում էի, որ չենք ապրի»։
Արդեն Էրեբունի ԲԿ–ում կնոջն ընդունելն ու վիրահատելը րոպեներ են տևում։ Հիվանդանոց հասնելուց 7 րոպե անց Ռուզաննան արդեն վիրահատական սեղանին էր՝ սուր ցավերով, դժվարաշնչությամբ ու ռիսկային վիճակով։ Գինեկոլոգ Նաիրա Ադամյան․
«Հղին անմիջապես տեղափոխվել է վիրահատարան հետևյալ ախտորոշմամբ։ Հղիություն 36 շաբաթական, որովայնի թափանցող վնասվածք, արյունահոսություն և պտղի դիստրես։ 17.20–ին կատարվել է երկայնաձիգ լաբորատոմիա և դուրս է բերվել մեկ կենդանի անհաս նորածին իգական սեռի»։
Այս ընթացքում Ռուզաննայի արյան ընդհանուր կորուստը գնահատվել է 1լ 100 մլ լ։ Բժիշկների հոգատար ձեռքը հասցնում է փրկել ոչ միայն մոր և երեխայի կյանքը, այլև վերականգնել կնոջ արգանդը։
«Այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և կարծում եմ մոտ օրերս դուրս կգրվի։
Մայրն ու երեխան այժմ տարբեր հիվանդանոցներում են։ Ժամանակից շուտ ծնված փոքրիկը լույս աշխարհ է եկել վնասվածքով։ 5սմ երկարությամբ խորը պատռվածք՝ ճակատի ձախ շրջանում։ Վերքը պետք է հրատապ կարվեր, ասում է Անդրանիկ Պողոսյանը։ այդ նպատակով է աղջնակն անմիջապես տեղափոխվում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Թիթեղի սուր ծայրը հասել է երեխայի գլխին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար, նորածնին վիրահատած բժիշկ Սամվել Սարգսյանը։
«Մեծ մակերեսով էր վերքը. արվել է նաև ԿՏ հետազոտություն. դրանով ոսկրի վնասում և ներգանգային խնդիրներ չեն հայտնաբերվել։ Կատարել ենք նաև վերքի կարում, փակում, վիրաբուժական մշակում։ Այս պահին գտնվում է ռեանիմատոլոգների հսկողության տակ. որոշակի բուժում, հետազոտություն կլինի, քանի որ անհաս է փոքրիկը»։
Մայրն ու երեխան հաղթահարել են անսպասելի ու չլսված այս վիճակը։ Այժմ որևէ բարդություն չկա։ Բազմիցս երեխաների պատռվածքների դեպքում միջամտություն ցուցաբերած բժշկի համար սա բացառություն էր այն առումով, որ իր ձեռքերում մի քանի ժամ առաջ ծնված անհաս նորածին էր։
«Որպես վնասվածք այնպիսին էր, ինչպես մյուս պացիենտների դեպքում: Խնդիրն այն էր, որ երեխան մի քանի ժամվա ծնունդ էր: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ վիրահատել ենք մի քանի ժամվա ծնված երեխաների, սակայն՝ բնածին արատներ: Մտավախությունն այն էր, թե ինչ վնասվածք էր ստացել, բայց երբ հետազոտությամբ տեսանք՝ այլ ծանր վնասվածքներ չկան, մտածում էինք, որ բարեհաջող կանցնի»։
Երեխային մայրը դեռ միայն նկարներով է տեսել։ Իր կազդուրման մասին Ռուզաննան այնքան չի մտածում, որքան փոքրիկին՝ Մարիներին շուտ, շատ շուտ գրկելու մասին, որ շտապի տուն, որտեղ սպասում են մոր կյանքը փրկած ու հրաշքով փրկված փոքրիկի 3 և 5 տարեկան եղբայրները։