Հայկական քանոնը՝ թավջութակի հետ․ Բելլա Պապիկյանի առաջին մենահամերգը Հայաստանում

Սոցիալական հարթակներում ճանաչում ձեռք բերած և հայկական քանոնը հանրահռչակած երաժիշտը` Բելլա Պապիկյանը, և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը  մայիսի 17-ին հանդես կգան մեկ բեմում:  Համերգից առաջ «Ռադիոլուրը» զրուցել է քանոնահարուհու հետ։

«Ես հայուհի եմ  ու շատ պահպանողական ընտանիքից»։

Զրուցակիցս քանոնահարուհի  Բելլա Պապիկյանն  է։  Երբ նրա  տեսահոլովակները հայտնվեցին համացանցում, շատերը  մշակութային շոկի ենթարկվեցին։ Պատճառը քանոնի ներկայացման  ու մատուցման ձևն էր։

«Գիտեի, որ հայերը սիրում են երաժշտական այս գործիքը, քանի որ այն ժողովրդական  է, ազգային նմուշներից մեկը։ Բայց չէի պատկերացնում, որ այդքան մեծ լսարան կունենա, ու իմ նվագի շնորհիվ այդքան սիրելի կդառնամ»։

Բելլա Պապիկյանը երաժիշտների ընտանիքից է։ Վաղ տարիքից է զգացել  երաժշտության ազդեցությունը։  Հայրը երաժիշտ է՝ քամանչահար, աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում  և  դասավանդում երաժշտական դպրոցներում, նաեւ իր նվագախումբն ունի: Եղբայրն էլ է երաժիշտ։ Բելլան փոքր տարիքից լսել է   Կոմիտաս, Սայաթ-Նովա ու մեծացել հայկական երաժշտության հնչյունների ներքո:  Երաժշտական երկու դպրոց  է ավարտել։  Գյումրու Շերամի անվան  թիվ 5 երաժշտական դպրոցում սովորել է  Լաուրա Մելիքյանի դասարանում, ապա  ուսանել  «Գոհար» երաժշտանոցում։ Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիան ավարտելուց հետո աշխատանքային հրավեր է ստացել  Դուբայի օպերայից, որտեղից էլ սկսվել է քանոնահարուհու կարիերայի հաղթարշավը։

Նախորդ տարվա ավարտին Բելլան նվագեց աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերի հետ։  Նրանց  կատարումները լայն տարածում ստացան սոցիալական հարթակներում՝ ունենալով հարյուր հազարավոր դիտումներ։  Օգտատերերն իրենց հիացմունքն էին հայտնում հայ աղջկա ու խորվաթ երաժշտի համատեղ կատարումների նկատմամբ, որոնք վերնագրված են «Love story»։ Քանոնահարուհին  անկեղծանում է՝  Հաուսերի հետ նույն տեսահոլովակում հայտնվելը տարիներ առաջ  անհասնելի երազանք էր թվում։

«Երբ նոր էի տեղափոխվել Դուբայ, մի ամսագրից հարցազրույցի առաջարկ ստացա։ Հարցերից մեկն այն էր, թե ով է այն երաժիշտը, որի հետ կցանկանայի հայտնվել մեկ բեմում։ Ես նշել էի Հաուսերի անունը՝ չմտածելով, որ օրերից մի օր այն կատարվի։ Այն ժամանակ նրա  նրա հետ համերգը երազանք  էր, իսկ այսօր մենք շատ ջերմ ընկերներ ենք։ Բամբասանքները լսել եմ․․․ Մենք լավ ընկերներ ենք։ Թե ինչ կմտածեն մարդիկ, արդեն թողնենք իրենց»։

Բելան քանոնը սիրելի դարձրեց՝ դահլիճներից տեղափոխելով   տեսարժան վայրեր։

«Երբ Կոլիզեյում նվագում էի, մարդկանց  բազմություն էր հավաքվել , բայց ես աչքերս փակ էի նվագում ։ Երբ ավարտեցի, տեսա  բազմությանը․ անկեղծ ասած՝ շատ հաճելի էր։ Հետո նրանք սկսեցին հարցնել, թե ով եմ, որ երկրից եմ, ինչ գործիք է։ Ես միշտ հպարտությամբ եմ պատմում հայ լինելուս մասին։ Ասել , որ  հայ ես, նվագել հայկական գործիք  ու սիրվել,  ինձ համար մեծ պատիվ է»։

Առջևում քանոնահարուհու առաջին  մենահամերգն է հայրենիքում։  Մայիսի 17-ին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ  կլինի  «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում։ Երգչուհին անկեղծանում է՝ կրկնակի պատասխանատվություն է զգում․

«Իմ ամեն թերությունից կամ սխալից հայրիկս ինձնից ավելի շատ է լարվում։  Եվ ես ավելի պարտավորված եմ զգում հայրիկիս առաջ, քանի որ նա այդ  երաժիշտներին ամեն օր տեսնելու է»։

Արտերկրում մեծ լսարան ձեռք բերած  ու  հայկական քանոնը հանրահռչակած  արտիստը  բազմաթիվ նպատակներից առանձնացնում է կարևորը ՝ հայկական  մաքրամաքուր երաժշտությունը լսելի դարձնել  ամբողջ աշխարհում։  

Leave a Comment