Կոնյակագործները բողոքում են․ նրանք Վրաստանի դեսպանատան դիմաց են – Live News

Կոնյակագործներն այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի Գեզի անցակետում՝ փորձաքննություն իրականացնելու պատրվակով։ Բոլորս գիտենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, այստեղ փորձաքննություն իրականացնելու որևէ խնդիր չենք տեսնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Պռոշյանի» կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը։

Նա նշեց, թե բողոքի ակցիայի միջոցով փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել հնարավոր բոլոր ճանապարհներով, որպեսզի խնդիրը լուծվի։

«Պահանջում ենք, որպեսզի պարզաբանում ներկայացնեն, թե ինչի հիման վրա են մեր մեքենաները պահվում այնտեղ։ Ոչ մի պարզաբանում չկա, թե ինչքան են մնալու մեքենաներն այնտեղ։ Սա ոչ միայն մեր գործարանի խնդիրն է, այլ՝ բոլոր գործարանների։ Ասում են, թե կան գործարաններ, որոնց մեքենաները չեն պահվում անցակետում, նաև այդ հարցի պատասխանն ենք ակնկալում ստանալ, թե ինչի հիման վրա են այդպես վարվում»,– ընդգծեց նա։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ շուրջ մեկ ամիս է՝ իրենց առաջին մեքենան անցակետում կանգնած է, սակայն մինչ օրս որևէ փորձաքննության պատասխան չունեն։

«Իրենք կարող են «դասմոտր» անել, բայց ոչ անալիզի տեսքով, որովհետև այդ բեռներն իրենց երկրի համար չեն նախատեսված, դրանք արտահանվում են ՌԴ և Բելառուս»,-նշեց Գ․ Պողոսյանը՝ հավելելով, որ եթե նախկինում մեկ օրում 4-7 մեքենա բեռ են արտահանել, այս պահի դրությամբ արտահանումները դադարեցվել են։

Նա նաև հայտնեց, որ դիմել են նաև Էկոնոմիկայի նախարարություն, բայց պատասխան չեն ստացել։

Leave a Comment