-Այսօր այցելում ենք հաղթանակած մարդկանց՝ իրենցից խնդրելու մեզ հաղթանակի առաջնորդել, որը դժբախտաբար ուրացողների ձեռքով այս պահին դարձավ պարզապես ոչինչ: Այդ հաղթանակն ու կենսագրությունն է մեզնից գողացվել: Այդուհանդերձ, այդ սխրանքն ու հերոսությունը ոչ մեկը չի կարող ջնջել մեր կյանքից,- Եռաբլուրի պանթեոնում մայիսյան եռատոնի առիթով այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Նա նաեւ նկատեց, որ հաղթանակները մեր կյանքում ոչ թե պետք է հուշ դառնան, այլ պետք է մեզ համար դառնան ուղղակիորեն վերակազմավորվելու ու մեր հաղթանակները վերստին հետ նվաճելու նպատակ, որոնք մեզ են պատկանում, ոչ թե ուրիշին. «Մենք կոչում ունենք մեր տղաներին վերադարձնել հաղթանակ, երազ, հայրենիք»:
Բագրատ սրբազանի խոսքով, Արցախի ու մեր բոլոր տարածքների կորուստը, զոհերը, անհետ կորածները, Բաքվի բանտերում ռազմագերիների առկայությունը այսօրվա իշխանության ճակատին որպես խարան են դաջված, անկախ նրանից, ինչ կխոսեն, ինչի մասին կգոռան. «Այս ամբողջ ողբերգության պատճառը նրանք են, որ մենք այսօր ամոթով ենք մուտք գործում Եռաբլուր: Մինչդեռ ժամանակին մեր գլուխները բարձր գալիս էինք՝ ծունկ խոնարհելու մեր զավակների առջեւ»:
Նա նկատեց, որ խաղաղությունը հաղթանակով է ձեռքբերվում, մուրալով չէ, ոչ էլ տարածք հանձնելով. «Սա ոչ մեկի հորական տունը չէ, որ ինչ-որ բան հանձնելով ՝ խաղաղություն ստանան: Խաղաղություն երբեք չի կարող լինել, քանի չունես հաղթանակ: Իսկ խաղաղությանը պետք է պատրաստվել: Մեր թշնամիները տարիներով պատրաստվել են ու այսօրվա չարիքի իշխանության պատճառով ու միջոցով մենք այսօր զրկվել ենք թե՛ ներքին, թե՛ ընդհանրական խաղաղությունից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: