
Մայիսի 8-ը Ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը գլոբալ առողջապահական միջոցառում է, որն ամեն տարի նշվում է մայիսի 8-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել ձվարանների քաղցկեղի մասին իրազեկվածությունը: Այս օրը շատ տեղական և միջազգային կազմակերպություններ միավորում են ուժերը՝ բարձրացնելու իրազեկվածությունը այս հիվանդության, դրա վաղ ախտորոշման և սկրինինգի կարևորության մասին:
2020 թվականին հաղորդվել է, որ ձվարանների քաղցկեղը դարձել է աշխարհում երրորդ ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղը, և աշխարհում գրանցվել է 313.959 նոր դեպք: Այն քաղցկեղից մահվան ութերորդ ամենատարածված պատճառն է ամբողջ աշխարհում, և ամեն տարի ավելի քան երկու հարյուր հազար կին մահանում է այս հիվանդությունից ամբողջ աշխարհում: Ըստ GLOBCAN 2020-ի, մինչև 2040 թվականը ամբողջ աշխարհում ձվարանների քաղցկեղ ախտորոշված և դրանից մահացությունների թիվը կավելանա համապատասխանաբար 42%-ով և 50%-ով: Դեպքերի գնահատված աճը արտացոլում է հիվանդության ծանրությունը, ինչը կարող է պայմանավորված լինել հիվանդության մասին տեղեկացվածության պակասով և ուշ ախտորոշմամբ:
Կանանց միայն գրեթե 20%-ի մոտ է ախտորոշվում ձվարանների քաղցկեղը վաղ փուլում (I կամ II փուլ)` մինչև դրա հնարավոր հարաճը: Ձվարանների քաղցկեղի վաղ հայտնաբերումը դժվար է, քանի որ այն հաճախ ասիմպտոմ է, կամ ախտանիշները կարող են նման լինել այլ հիվանդությունների: Բացի այդ, ի տարբերություն զարգացած երկրների, միջին և ցածր եկամուտ ունեցող երկրները չունեն հուսալի զննման ընթացակարգեր, ռազմավարություններ, ենթակառուցվածքներ և առաջադեմ բուժման համակարգեր, որոնք թույլ են տալիս դադարեցնել հիվանդության հարաճը:
Ամբողջ աշխարհում ձվարանների քաղցկեղ ախտորոշված կամ դրանից մահացած կանանց երկու երրորդը ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներից են: Այս երկրներում հասարակության մոտ առկա է տեղեկացվածության բավականին ցածր մակարդակ, քանի որ ոչ բոլոր կանայք գիտեն, որ փքվածությունը կամ միզելու հանկարծակի ցանկությունը կարող են լինել ձվարանների քաղցկեղի հավանական ախտանիշներ, և հնարավոր է, որ լիովին հասանելի չլինեն սկրինինգային ծրագրեը, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդները:
Այս տարի՝ 2025 թվականին, ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման՝ «Ո՛չ մի անտեսված կին», շարունակում է ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային կոալիցիայի (WOCC) բազմամյա արշավը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Այս թեման նվիրված է ամբողջ աշխարհում ձվարանների քաղցկեղի բուժման մեջ առկա տարբերությունների վերացմանը և խնդրի հանդեպ ուշադրությանը:
«Ո՛չ մի անտեսված կին» թեմայի նպատակները.
Ձվարանների քաղցկեղի մասին տեղեկատվության տարածում ամբողջ աշխարհում, հատկապես զարգացող երկրներում, որոնք ունեն անբավարար բուժսպասարկում:
Կոչ` միավորելու աշխարհի բոլոր առաջնորդներին մեկ հարթակում՝ ներդրումներ կատարելու ձվարանների քաղցկեղի հետազոտության և զարգացման մեջ:
Խթանել և ապահովել ձվարանների քաղցկեղի արդյունավետ սկրինինգի հասանելիությունը և բուժումը` հետագա բարդությունները կանխելու համար:
Յուրաքանչյուր կնոջ տեղեկացնել ձվարանների առողջության կարևորության մասին, իսկ անհանգստացնող ախտանիշների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկական օգնության:
Ձվարանների քաղցկեղը վաղ փուլերում ասիմպտոմ է, այնուամենայնիվ, եթե հիվանդությունը զարգանում է, հավանական է, որ առաջանան հետևյալ ախտանիշները, ինչպիսիք են.
Որովայնի ցավ
Փքվածություն (արագ հագեցվածություն)
Միզելու հանկարծակի ցանկություն:
Չնայած ներկայումս ձվարանների քաղցկեղի կանխարգելման միջոցներ չկան, հետևյալ գործոնները կապված են ձվարանների քաղցկեղի զարգացման ռիսկի նվազեցման հետ`
.հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը ավելի քան հինգ տարի
.կրծքով կերակրելը
.ծննդաբերությունը
.վիրաբուժական միջամտությունների իրականացումը, ինչպիսիք են` հիստերէկտոմիան, արգանդափողերի ամլացումը կամ երկկողմանի օոֆորեկտոմիան (երկու ձվարանների հեռացում):
Այս օրվա նպատակն է կանանց տեղեկացնել ձվարանների քաղցկեղի ռիսկերի և ախտանիշների մասին, որոնք հաճախ աննկատ են և կարող են սխալվել այլ հիվանդությունների վերագրման պատճառով: Իրազեկվծության բարձրացումը նպատակ ունի նպաստել վաղ հայտնաբերմանը, ինչը մեծապես բարելավում է ապրելիության մակարդակը: Այս օրը նաև ծառայում է որպես հարթակ՝ խթանելու գիտական հետազոտությունների ֆինանսավորման ավելացումը և պացիենտների և նրանց ընտանիքների աջակցության համակարգերի կատարելագործումը:
Հայաստանում, ըստ ԱԱԻ տարեգրքի տվյալների, 2023թ.-ին կյանքում առաջին անգամ արձանագրված չարորակ նորագոյացությունների մեջ ձվարանի քաղցկեղը 5-րդ տեղում է` 203 գրանցված դեպքով, իսկ հիվանդությունն ընդհանուր առմամբ տարեվերջի տվյալներով ախտորոշվել է 1590 կնոջ մոտ:
Համեմատության համար կարող ենք ասել, որ 2000թ.-ին կանանց մոտ առաջին անգամ արձանագրված ձվարանի քաղցկեղի 148 դեպքի համեմատ 2023թ.-ին դեպքերը թիվն աճել է 27%-ով։
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոն