Արհեստական բանականության զարգացումը նոր տեխնոլոգիական մրցավազք է սկսել․ պետություններն ու խոշոր ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ներդնում տվյալների կենտրոնների կառուցման մեջ։ Բայց տեխնոլոգիական առաջընթացի հետևում նաև հարցեր են, որոնք անմիջականորեն առնչվում են մարդկանց կյանքին՝ ո՞վ է վճարելու այդ կենտրոնների էներգետիկ ու բնապահպանական գինը, և արդյոք տնտեսական օգուտները կփոխհատուցեն համայնքների կրած վնասները։
«Մենք ջրով ենք ապրում, ոչ թե տվյալներով»․ այս գրությամբ պաստառներով բնակիչները բողոքում են իրենց բնակավայրերի մոտ կառուցվող ԱԲ տվյալների կենտրոնների դեմ։ Նրանց մտահոգության կենտրոնում այդ կառույցների ջրի և էներգիայի մեծ պահանջարկն է։ Բողոքի ակցիաներն արդեն տարբեր երկրներում մարդկանց փողոց են դուրս բերել։ Նոյեմբերի 6-ին Ամստերդամում ավելի քան 100 ակտիվիստ ներխուժել է Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ։ Ակցիայի մասնակից Սեմ վան դեր Բեկը Reuters-ին ներկայացնում է իրենց դժգոհության պատճառները։
«Այս տվյալների կենտրոնները ոչնչացնում են մեր աշխարհը։ Մեր մոլորակն աստիճանաբար դառնում է ապրելու համար ոչ պիտանի՝ այն ռեսուրսների պատճառով, որոնք դրանք սպառում են»։
Տվյալների կենտրոնները հազարավոր հզոր համակարգիչներով համալրված կառույցներ են, որոնք պահպանում ու մշակում են տեղեկություններ և ապահովում արհեստական բանականության աշխատանքը։ ԱԲ-ի զարգացումն էլ ավելի է մեծացնում դրանց պահանջարկը։ ԱՄՆ-ն, Չինաստանը և եվրոպական երկրները մրցում են նման կենտրոններ կառուցելու հարցում՝ ձգտելով ամրապնդել իրենց դիրքերը տեխնոլոգիական մրցավազքում։ Ամենախոշոր նախագծերն արդեն անվանում են արհեստական բանականության «գիգաֆաբրիկաներ»։
Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկունենը խոսում է սեփական ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտության, բայց նաև դրանց հնարավոր հետևանքների մասին։
«ԱԲ-ն չափազանց կարևոր տեխնոլոգիա է, և մենք պետք է ունենանք սեփական կարողություններն ու ենթակառուցվածքները։ Բայց քաղաքացիների համար շատ կարևոր է վստահ լինել, որ տվյալների կենտրոնների պատճառով էլեկտրաէներգիայի հաշիվները կտրուկ չեն աճի, հոսանքազրկումներ չեն լինի, և այդ նախագծերը չեն վնասի շրջակա միջավայրին»։
Եվրոպայի համար տվյալների կենտրոնների զարգացումը ոչ միայն տեխնոլոգիական, այլև տնտեսական ու ռազմավարական հարց է։ Սեփական տվյալների կենտրոններ ունենալը նշանակում է նվազեցնել արտաքին տեխնոլոգիական ենթակառուցվածքներից կախվածությունը, ներգրավել ներդրումներ և ամրապնդել դիրքերը արհեստական բանականության մրցավազքում։
Սան Խոսեի բնակիչների «Ես սիրում եմ Սան Խոսեն» նախաձեռնության ներկայացուցիչ Էլինա Յինն ընդգծում է համայնքի շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը։
«Ընկերությունները պետք է ապացուցեն, թե ինչու են արժանի մեր ռեսուրսներն օգտագործելուն և ինչպես են փոխհատուցելու համայնքին»։
Սան Խոսեի քաղաքային իշխանությունների հաշվարկով՝ ամեն նոր կենտրոն կարող է տարեկան 3-ից 6 միլիոն դոլարի հարկային եկամուտ ապահովել։ Սակայն ներդրումներն ու հարկային մուտքերը համայնքի միակ մտահոգությունը չեն։ Սան Խոսեի քաղաքապետ Մեթ Մահանը խոսում է այն հարցերի մասին, որոնք բարձրացնում են քաղաքի բնակիչները։
«Մարդիկ իրավացիորեն հարցնում են՝ արդյոք սա բարձրացնելու է էլեկտրաէներգիայի գները, օգտագործելու է մեր մաքուր ջրի պաշարները, վատթարացնելու է քաղաքի կյանքի որակը։ Սրանք միանգամայն արդարացի հարցեր են»։
Բողոքները միայն բնապահպանական հարցերին չեն վերաբերում։ Տվյալների կենտրոնների կառուցումը լրացուցիչ ծանրաբեռնում է էլեկտրական ցանցը։ Մյուս կողմից, ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ խոշոր ներդրումները կարող են նպաստել նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, հարկային եկամուտների ավելացմանն ու համայնքների տնտեսական զարգացմանը։ Տվյալների կենտրոնների կոալիցիայի նախագահ Ջոշ Լևին ներկայացնում է, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծել այդ ներդրումները։
«Տվյալների կենտրոնների ոլորտը շարունակում է աշխատել շահագրգիռ կողմերի և բնակիչների հետ, որպեսզի չծանրաբեռնեն այն համայնքները, որտեղ գործում են՝ միաժամանակ նվազեցնելով բացասական ազդեցությունը տնային տնտեսությունների և բիզնեսների վրա»։
Սակայն բնակիչներին միայն խոստումները չեն բավարարում․ նրանք պահանջում են հստակ սահմանափակումներ՝ ջրի և էլեկտրաէներգիայի սպառման, աղմուկի ու օդի որակի վերահսկման վերաբերյալ։ Մասաչուսեթս նահանգը, օրինակ, 2026 թվականի սեպտեմբերին գործադիր հրամանով խստացրել է տվյալների կենտրոնների կառուցման պահանջները։ Մասնավորապես, 25 մեգավատից ավելի հզորություն պահանջող նախագծերի համար նախատեսվել են տեղական համայնքի հետ համաձայնեցման, մաքուր էներգիայի ապահովման և բնապահպանական չափանիշների պահպանման պահանջներ։
ԱԲ տվյալների կենտրոններից շատերն արդեն գործում են, մյուսները դեռ կառուցման կամ նախագծման փուլում են։ Արհեստական բանականության զարգացման հետ դրանց թիվն ու պահանջարկը շարունակելու են աճել։ Բայց որքան արագ է ընդլայնվում տեխնոլոգիական ենթակառուցվածքը, այնքան հրատապ է դառնում մեկ այլ հարց՝ ի՞նչ գին են դրա դիմաց վճարելու համայնքները։