«Պահանջված ավելորդը»․ Ջուլիետա Ստեփանյանի 75-ամյա ուղու կայարանները, նոր գիրքն ու բեմական երազանքը

75 տարվա ճանապարհի կայարաններով ու բեմական անսպառ էներգիայով․ Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը նշել է ծննդյան հոբելյանը։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել դերասանուհու «Պահանջված ավելորդը» փաստավավերագրական ներկայացումն ու համանուն գրքի շնորհանդեսը։ Թե ինչպես է վաստակած հանգստի պատրաստվող արտիստուհին ընդամենը երկու օրում հայտնվել հոբելյանական բեմում, ինչպես է մանկության կանգառից հասել Մայր թատրոն և որն է իրականություն դարձած բեմական ամենամեծ երազանքը` ռեպորտաժում։

Կյանքի կայարաններով ու հուշերի կանգառներով․ Մայր թատրոնի բեմում Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը պատմում է 75 տարիների անցած-գնացածը՝ մանկությունից մինչև այսօր։ Ընտանիքի 14-րդ երեխան էր, կամ ինչպես ինքն է կատակով ասում, «պահանջված ավելորդը»։ Առաջին կանգառը, իհարկե, մանկությունն էր։

Դերասանուհին հիշում է, թե ինչպես պատանեկության կանգառում ընտանիքից գաղտնի, հարևանից գումար պարտք վերցնելով, Գյումրիից հասավ Երևան՝ Թատերական ինստիտուտ ընդունվելու։ Ընտանիքում բոլորն էին դեմ դերասանուհի դառնալուն՝ խիստ հայրն ու եղբայրները, բայց փայլուն արդյունքներով ընդունվեց, ու սկսվեց դերասանական կարիերան։ Մասնագիտական առաջին կանգառը Ստեփանակերտի թատրոնն էր։

17 տարի անց հաջորդ հանգրվանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն էր, ապա՝ Մայր թատրոնը, «Բոհեմը» և «Հանդարտ» մշակութային այգին։

Անձնական կյանքի կայարանում արտիստուհին արդեն երկու աղջիկ ուներ, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ դերասան Սամվել Բաղյանին։

«Պահանջված ավելորդը» փաստավավերագրական ներկայացում էր՝ դուրս դասական ձևաչափից ու համեմված կենսագրական, դրամատիկ ու զավեշտալի պատմություններով։ Հանդիսատեսը մոտ երկու ժամ շունչը պահած հետևում էր դերասանուհու կյանքի պատմությանը՝ հուզվելով, ծիծաղելով ու ապրելով ամեն դրվագը։

Բեմադրիչ Տիգրան Գյուլումյանի խոսքով՝ հոբելյանական երեկոն անակնկալ էր հենց դերասանուհու համար։

«Ստեղծագործական առումով 25 տարեկան է, որովհետև այդ եռանդն ունի։ Ճիշտն ասած, ինքը չէր նախատեսում։ Մտահղացումն իմն էր, որ օրն անպայման պետք է նշանակալի դառնա, և դա լինի հենց բեմում։ Այդպես նախաձեռնեցի սցենարային ու բեմադրական աշխատանքները»։

Ներկայացումից հետո դերասանուհին խոստովանեց՝ ընդամենը մի քանի օր առաջ է ստացել սցենարն ու իմացել, որ Մայր թատրոնի բեմում նշվելու է իր 75-ամյակը։

«Նույնիսկ ուրախացել էի, որ թատերաշրջանն արդեն վերջացավ, ամեն ինչ հանդարտվեց։ Ասացի՝ կգնամ իմ վաստակած հանգստին, ու հանկարծ Տիգրան Գյուլումյանը սցենարը թևի տակ եկավ ու ասաց՝ պիտի անեմ քո հոբելյանը։ Երկու օրում պատրաստվեցի։ Հիմա դուք ինձ ասեք՝ ես պահանջվա՞ծ եմ, թե՞ ավելորդ։ Որովհետև լինում է դադար, ոչ ոք ոչ մի խոսք, ձայն չկա, ես տառապանքների մեջ եմ, ու հանկարծ անձրևի պես վրա է հասնում։ Եթե պահանջված եմ՝ ինչո՞ւ եմ ավելորդ, իսկ եթե ավելորդ եմ՝ ինչո՞ւ եմ պահանջված»։

Կյանքի ու բեմի բոլոր կայարաններում նրա կողքին է ամուսինը՝ դերասան Սամվել Բաղյանը։ Այսօր էլ ամենայն մանրամասնությամբ հիշում է իրենց սիրո պատմությունն ու խոստովանում՝ Ջուլյայի հետ և դժվար է, և հեշտ։

«Մի առիթով ասել եմ, որ զարմանալի ձևով մոռանում եմ, որ նա իմ կինն է, երբ նրան բեմում եմ տեսնում: Ես հենց սկզբից Ջուլյային սիրահարվել եմ որպես դերասանուհի՝ բեմի վրա։ Ես ինձ երջանիկ եմ զգում իմ Ջուլիայի հետ»։

Հոբելյանական երեկոյի ընթացքում Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պատմեց ուշագրավ մի դրվագ իրենց զրույցներից։ Նա խոստովանեց, որ Ջուլիետա Ստեփանյանը մի առիթով խոսել էր իր մեծ երազանքի մասին՝ գլխավոր դերով հանդես գալ «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացման մեջ։ Երազանքն արդեն իրականություն է․ Մայր թատրոնը պատրաստվում է բեմադրել պիեսը, որտեղ գլխավոր դերը ստանձնելու է հենց Ջուլիետա Ստեփանյանը։

«Կարծում եմ, որ այն, ինչ տիկին Ջուլիան արել է Սունդուկյան թատրոնում, դեռ բավարար չէ։ Նա դեռ շատ անելիք ունի այստեղ՝ իր հանդիսատեսի, մեզ բոլորիս և ի վերջո հայ թատրոնի համար։ Որովհետև բնությանն այդքան մոտ, այսքան բնական արտիստներ շատ հաճախ չեն լինում»։

75 տարիների կայարաններով անցած արտիստուհու համար հոբելյանական երեկոն ոչ թե ամփոփում էր, այլ նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ։

Leave a Comment