«Հայերն ու վրացիները եվրոպական քաղաքակրթության համահեղինակ ժողովուրդներ են, ոչ թե Եվրոպայի դռները թակող օտարներ»։ Այս շեշտադրումն արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Հանրային ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում՝ միաժամանակ Եվրոպային հորդորելով Հայաստանի նկատմամբ չկիրառել այն երկակի ստանդարտները, որոնք, Թբիլիսիի գնահատմամբ, կիրառվում են Վրաստանի հանդեպ։ Ի՞նչ է նշանակում Վրաստանի եվրոպական ուղին Հայաստանի համար, և որքանո՞վ են փոխկապակցված երկու երկրների եվրոպական հեռանկարները։
Չնայած վերջին շրջանում Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերություններում նկատվող լարվածությանը, իսկ Երևանի և Եվրամիության երկխոսության ակտիվացմանը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է երկու հարևան ժողովուրդների եվրոպական ընդհանուր քաղաքակրթական արմատները։ Ըստ նրա՝ հայերն ու վրացիները պարզապես «դրսից եկած հյուրեր» չեն, որոնք ձգտում են միանալ մի կառույցի, որտեղ իրենց օտար են համարում և նախապատրաստական դասընթացներ պարտադրում։
«Մենք՝ հայերը և վրացիները, եվրոպական քաղաքակրթության համահեղինակ ժողովուրդներն ենք. մեր քրիստոնեական արժեքները, լեզուն, ինքնությունն ու մշակույթն են դրվել այն Եվրոպայի հիմքում, որն այսօր գոյություն ունի»։
Ինչպես Հայաստանի ու Վրաստանի համար է կարևոր եվրոպական ընտանիքի մաս կազմելը, այնպես էլ Եվրամիությունը պետք է գնահատի այս երկու ժողովուրդների ավանդը համաեվրոպական մշակույթի մեջ։ Վրաստանի խորհրդարանի նախագահն այսպես արձագանքեց պաշտոնական Երևանից հնչած դիտարկմանը, որ Հայաստանի՝ դեպի Եվրոպա ճանապարհին վճռորոշ է Վրաստանի եվրաինտեգրումը։ Պապուաշվիլին գտնում է, որ Եվրոպան Վրաստանի նկատմամբ կիրառել է երկակի ստանդարտներ ու ցանկալի չի համարում այդպիսիք նաև Երևանի նկատմամբ։
Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները վատթարացել են վերջին տարիներին․ 2024-ից Վրաստանի եվրոպական ինտեգրումը փաստացի սառեցված է երկրի քաղաքական կուրսի փոփոխության պատճառով, ինչը Արևմուտքում գնահատվում է որպես ժողովրդավարական հետընթաց։ Վրաստանն իր հերթին շարունակում է ԵՄ-ին մեղադրել իր ներքին գործերին միջամտելու և երկրում «երկրորդ ճակատ» բացելու փորձերի մեջ։ Պապուաշվիլիի խոսքով՝
«Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունների որդեգրած նպատակները և այն մանդատը, որը ժողովուրդը տվել է նրանց, եվրաինտեգրման ճանապարհին հաջողության կհասնեն»։
Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Վրաստանի եվրաինտեգրումը ռազմավարական և սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Վարչապետն այդ հարցը բարձրացրել էր նաև Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։
«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, և մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ»։
Այս հայտարարությունները Հայաստանում և Վրաստանում մեկնաբանվեցին որպես ակնարկ, որ Երևանը կարող է միջնորդել Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունների կարգավորմանը։
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոն նույնպես Հանրային ռադիոյի հետ զրույցում ընդգծում է Վրաստանի առանցքային դերը Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները փոխկապակցված են, ուստի հարցը շատ ավելի լայն է, քան որևէ առանձին երկրի շահը։ Դեսպանը շեշտել է ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում նվազեցնելու կարիքը՝ ընդգծելով, որ արժեքները պետք է զարգացնել հարևանների հետ միասին։
«Կարծում եմ՝ երկու երկրների համար էլ ամենակարևորը նախևառաջ հենց ճանապարհն է՝ բարեփոխումների իրականացումը և այն ամենը, ինչ անհրաժեշտ է Եվրոպային մոտենալու համար»։
Որ Վրաստանի և Եվրամիության հարաբերություններն այժմ ավելի բարդ փուլում են, դա, ըստ դիվանագետի, չի նշանակում երկխոսության բացակայություն։
«Մենք հույս ունենք, որ եվրոպական օրակարգային հարցերին ներգրավվածությունը կվերականգնվի, և ներկայիս լարվածությունը ժամանակավոր կլինի»։
Վրաստանի դերը Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին կարևորում են նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցիչները։ Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Վրաստանն օգնել այդ հարցում, նշեց․ «Նախևառաջ Վրաստանի աշխարհագրական դիրքն արդեն իսկ հուշում է և, երկրորդը` ինչու ոչ նաև իր փորձով, քանի որ Վրաստանն ավելի վաղ է սկսել այս գործընթացը»։
Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ է ստացել՝ մինչև այդ անցնելով վիզային ռեժիմի ազատականացման, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և տարբեր ոլորտներում բարեփոխումների ճանապարհը։ Դրանք ընդգրկել են արդարադատության, ոստիկանության, կրթության և այլ ոլորտներ։ Վրացական փորձը Հայաստանը շարունակում է ուսումնասիրել։