
Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Գործարար» կուսակցությունը միասին կձևավորեն տեղական իշխանությունը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել է, որ «նախապես ձեռք բերված պայմանավորվածության» համաձայն՝ ՔՊ խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ կաջակցի գործող քաղաքապետ, «Գործարար»-ի ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանին:
Արեն Մկրտչյանը չի հստակեցրել, թե ե՞րբ են ձեռք բերել այդ պայմանավորվածությունը՝ ընտրություններից առաջ, երբ ՔՊ-ական Արմեն Գրիգորյանը այլ կուսակցության ցուցակով մասնակցեց կիրակի օրվա տեղական ընտրություններին, թե ընտրություններից հետո:
«Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»», – գրել է մարզպետը։
Մկրտչյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանն ընտրական տեխնիկական պահանջների պատճառով «ստիպված է եղել» ժամանակավորապես սառեցնել անդամակցությունը ՔՊ-ին, սակայն այն վերականգնելու համար արդեն դիմում է ներկայացրել։
Կիրակի կայացած ընտրություններում Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չէր հաղթել: Այդտեղ ամենաշատ ձայները ստացել էր «Գործարար» կուսակցությունը՝ 41,38 տոկոս, իսկ ՔՊ-ն 35,2 տոկոսով երկրորդ տեղում էր։ Նրանց ստացած ձայների հանրագումարը 76,58 տոկոս է։
Ընտրություններին առանձին մասնակցած երկու ուժերը միասին կունենան ավագանու 21 մանդատներից 17-ը՝ ապահովելով մեծամասնություն, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» 4 տեղ կունենա ավագանիում։
Դեռ պարզ չէ Եղեգնաձորի հարցը, որտեղ ՔՊ-ն և «Հանրապետությունը» գրեթե հավասար ձայներ են ստացել, և համայնքի իշխանության ձևավորման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։
Ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե բոլոր 19 համայնքներում հաղթել են ՔՊ-ն կամ իշխանամետ թեկնածուները՝ արդյունքները որակելով «ջախջախիչ հաղթանակ»։ Միաժամանակ նա խոստովանել էր, որ «ամենևին էլ երջանիկ չէ» մի շարք համայնքներում ՔՊ-ի ստացած 70-ից 96 տոկոսանոց արդյունքներով՝ նշելով, որ նման բարձր ցուցանիշներն ավտորիտարիզմի և բռնապետության հետ ասոցիացիաներ են առաջացնում։