Ամեն օր ստանում ենք Նիդերլանդների համագործակցությունն ու աջակցությունը. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հանդիպման արդյունքներով տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս:

«Ինչպես գիտեք, 2025 թվականի մարտին Հայաստանն ու Նիդերլանդները ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր և այսօր մեր հիմնական խնդիրն է հոգ տանել և ապահովել այդ հռչակագրում նշված առաջնահերթությունների ու նպատակների ամբողջական իրականացումը, դրանց կյանքի կոչումը։ Գործընկերոջս՝ նախարարի հետ մեր քննարկումների, ինչպես նաև պատվիրակությունների միջև քննարկումների առանցքը հենց սա է եղել։

Մենք, իհարկե, անդրադարձել ենք երկկողմ համագործակցության առաջնահերթություններին և առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել տնտեսական համագործակցությանը։ Համակարծիք ենք, որ քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է, ակտիվ է և արդյունավետ։ Եվ ահա, տեսնում ենք նաև, որ տնտեսական համագործակցությունը ևս քայլ առ քայլ առաջ է գնում, թվերն աճում են՝ համեմատած նախորդ շրջանների հետ։ Բայց միաժամանակ տեսնում ենք, որ կա զգալի մեծ չիրացված պոտենցիալ։ Եվ սրանք ընդհանրական խոսքեր չեն, որոնք նման իրավիճակներում կարող են արտաբերվել. սա ասելիս նկատի ունենք շատ կոնկրետ ոլորտներ, շատ կոնկրետ ընկերություններ, ուրվագծվող համագործակցություններ, մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ծաղկաբուծություն, առողջապահություն և ենթակառուցվածքներ։

Հիշում եմ՝ մի քանի ամիս առաջ բավականին դրական արձագանք գտավ մամուլում և հասարակության կողմից այն լուրը, որ համագործակցություն է հաստատվել ծաղիկների արտադրությամբ զբաղվող մեր ընկերությունների և Նիդերլանդների աշխարհահռչակ համապատասխան ընկերությունների միջև։ Այսօր նախարարն առիթ կունենա այցելելու նիդերլանդական տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանում գործող ծաղկի ջերմոցներից մեկը։

Շարունակելով կենտրոնանալ կոնկրետ քայլերի վրա՝ ասեմ, որ «Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը»՝ նիդերլանդական այս ինստիտուտը, 2026 թվականից Հայաստանում իրականացնում է մեկամյա ծրագիր՝ միտված  չիր և ընկուզեղեն արտադրող 21 հայկական ընկերությունների՝ Նիդերլանդների և Եվրոպական միության շուկաներ արտահանման կարողությունների զարգացմանը՝ ԵՄ ստանդարտներ, սերտիֆիկացում, փաթեթավորում, լոգիստիկա և այլն։ Օգոստոսին կենտրոնի փորձագետները Հայաստանում դասընթացներ են իրականացրել, կազմակերպվել է ճանաչողական այց։ Համաշխարհային բանկի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի շրջանակներում Նիդերլանդները շարունակում է փախստականների կարիքների հասցեագրման նպատակով Հայաստանին արվող հատկացումները՝ նաև «PUM» (ավագ խորհրդականների կազմակերպության) ինստիտուտի  գործունեության շրջանակներում։

Ես սրանք թվարկում եմ, հարգելի՛ գործընկերներ, ցույց տալու համար, որ մեր համագործակցությունը շատ կոնկրետ է և նման կոնկրետ, բայց նաև ավելի մեծ ծավալներով լինելու միտվածություն ունի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նիդերլանդներին նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցության համար։ Ուզում եմ կրկին ընդգծել՝ բոլոր նախաձեռնություններում, լինեն դրանք տնտեսական, թե բարեփոխումներին միտված, վերաբերեն Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններին, թե ոչ, մենք ամեն օր ստանում ենք Նիդերլանդների համագործակցությունն ու աջակցությունը, և շատ բարձր ենք գնահատում այս դիրքորոշումը։

Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, մեր այսօրվա քննարկումներում մեծ տեղ են զբաղեցրել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ Նշել ենք բոլոր այն ոլորտները, որտեղ միասին առաջ ենք գնում, անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում և ավելի մեծ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։ Ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, բոլոր դրական հեռանկարներն ու գործընթացները։ Կարևորել ենք նաև սրանց արդյունքում ձևավորվող տարածաշրջանային հնարավորությունները և Նիդերլանդների ապագա ներգրավվածության պոտենցիալը։

Այս օրերին Հայաստանում դեռ ընթանում է COP17 համաժողովը, և մենք Նիդերլանդներից ևս կունենանք բարձրաստիճան մասնակցություն, ինչի համար ևս մեր գնահատանքն ենք հայտնում։

Եվս մեկ անգամ, հարգելի՛ գործընկեր, հարգելի՛ պարոն նախարար, շնորհակալություն եմ հայտնում և՛ այցի, և՛ քննարկված թեմաների, և՛ այդ թեմաների շուրջ աջակցության և պատրաստակամության համար։ Սիրով կշարունակենք համագործակցությունը Երևանում, Հաագայում և այլուր»,-ասել է Միրզոյանը:

Leave a Comment