Հայաստանի խորհրդարանում TRIPP նախագծի քննարկմանը զուգահեռ օրակարգում է նաև Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման հարցը։ Երկուսն էլ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատման, գործակցության և անվտանգության ապահովման համատեքստում։ Սակայն ի՞նչ նպատակ ունի Խաղաղության խորհուրդը, ի՞նչ լիազորություններ է նախատեսում դրա կանոնադրությունը, և արդյո՞ք Խորհուրդն ու TRIPP նախագիծը կարող են անվտանգության նախադրյալներ դիտարկվել Հայաստանի համար։
Խաղաղության խորհրդի ստեղծման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դեռ այս տարվա հունվարի 15-ին՝ իր Truth սոցիալական հարթակում։ Սկզբնական շրջանում կառույցի ստեղծումը կապվում էր Գազայի հատվածում խաղաղության հաստատման հետ։ Սակայն դրա կանոնադրությամբ նախատեսված են ավելի լայն նպատակներ։ Հայաստանը միացել է Խորհրդին որպես հիմնադիր անդամ, և այժմ քննարկվում է դրա կանոնադրության վավերացումը։ Հայտարարելով նոր խորհրդի ստեղծման մասին՝ Թրամփը բարձր էր գնահատել դրա նշանակությունը։
«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Խաղաղության խորհրդի ստեղծման մասին: Կարող եմ վստահորեն ասել, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ ստեղծվել է ցանկացած պահի, ցանկացած վայրում»։
Կանոնադրության համաձայն՝ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել կայունությանը և հակամարտություններից տուժած տարածքներում երկարատև խաղաղության հաստատմանը։ Միաժամանակ, փաստաթուղթը Խորհրդի նախագահին լայն լիազորություններ է վերապահում կազմակերպության կառավարման, ենթակա մարմինների ձևավորման և որոշումների հաստատման հարցերում։ Խորհրդի նախագահը Թրամփն է։ Հայաստանի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթի նախագծում, մասնավորապես, նշված է․
«Խորհրդի նախագահը սույն Կանոնադրության նշանակության, մեկնաբանման և կիրառման հարցերով վերջնական իրավասու մարմինն է»։
Կանոնադրությունն անդրադառնում է նաև անդամ պետությունների ինքնիշխանությանն ու Խորհրդի լիազորությունների սահմաններին։ Կրկին՝ մեջբերում․
«Սույն Կանոնադրության ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այնպես, որ Խաղաղության խորհրդին վերապահվի իրավազորություն անդամ պետությունների տարածքում կամ պարտավորեցնի անդամ պետություններին մասնակցել խաղաղության հաստատման կոնկրետ որևէ առաքելության՝ առանց անդամ պետությունների համաձայնության»։
Ինչպե՞ս են Խորհրդում ընդունվում որոշումները։ Կանոնադրության համաձայն՝ ամեն պետություն ունի մեկ ձայն։ Որոշումներն ընդունվում են ներկա և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, սակայն անհրաժեշտ է նաև Խորհրդի նախագահի հաստատումը։
Իսկ թե որքանով կարող է Խաղաղության խորհուրդը նպաստել Հայաստանի անվտանգության ապահովմանը, խորհրդարանում տարբեր են գնահատականները։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը կարծում է, որ նախ անհրաժեշտ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել՝ ներգրավելով մի քանի միջազգային երաշխավորների։
«Ես ուղղակի ձեզ ուզում եմ ասել՝ գնացեք, որպես իշխանություն, օր առաջ խաղաղության համաձայնագիր կնքեք Ադրբեջանի հետ, ընդ որում՝ մեկից ավելի երաշխավորներով, օրինակ՝ Իրան, օրինակ՝ Չինաստան, Միացյալ Նահանգներ, ԵՄ երկրներ, ինչու՞ չէ՝ նաև Շվեյցարիա, Ռուսաստան և այլն, որից հետո մենք կարող ենք քննարկել այս ծրագրի վերաբերյալ կարևոր դրույթները»։
Իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ, սա և TRIPP նախագիծը դիտարկում են որպես խաղաղության և անվտանգության ապահովմանը նպաստող գործոն։ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի խոսքով՝ տնտեսական փոխկապակցվածությունը կարող է շահագրգռություն ստեղծել խաղաղության պահպանման հարցում։
«Խաղաղության երաշխիքներից մեկն է։ Մեր ընդդիմությունը անընդհատ, խոսում է, չէ՞, որ խաղաղությունը երաշխավորներ չունի։ Խաղաղության երաշխավորներից մեկը TRIPP-ն է, որովհետև երբ կա մի բան, որը ձեռնտու է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, թե՛ տարածաշրջանի երկրներին ու թե՛ ավելի լայն տարածաշրջանին ու աշխարհի մնացած կողմերին, սա անվտանգության երաշխիք է Հայաստանի համար»։
Խաղաղության գործընթացի ժամկետների վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին ասուլիսում նա նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը նպատակահարմար է իրականացնել մինչև 2031 թվականը՝ միաժամանակ հնարավոր համարելով ավելի վաղ ժամկետներ։
«2031 թվականի հարցը ծագել է այն տրամաբանությամբ, որ 26 թվին ընտրություն է եղել, և 5-ամյա է մանդատը գործող խորհրդարանի, և կառավարությունը 26-31 թ․—ին գործելու ժամկետ ունի, և ես էդ տրամաբանությամբ եմ ասել։ Եթե ավելի կոնկրետացնել է պետք ժամկետները, ես կարծում եմ, որ մենք 27, 28 թվին պետք է ստորագրենք, այս տարի դժվար հասցնենք»։
Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացումը կքննարկվի TRIPP նախագծի քննարկումներից հետո։ Վերջինս հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում։ ԱՄՆ-ում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն արդեն ավարտվել են, և ՀՀ-ում դրանց ավարտից հետո ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ այս միջազգային պայմանագիրն ուժի մեջ կմտնի։