Մայր օրենքի չհրապարակված նախագիծը՝ «կռվախնձոր»․ քաղաքական պայքարը կհասնի՞ արտահերթ ընտրությունների

Նոր Սահմանադրության ընդունման շուրջ քննարկումը սրել է իշխանության և ընդդիմության հակասությունները։ Փաստաթուղթը հանրաքվեի դնելու որոշումը, ըստ օրենսդրության,  ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։ Սա նշանակում է, որ նախագիծը խորհրդարանում պետք է ստանա առնվազն 70 պատգամավորի աջակցություն, մինչդեռ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների թիվը գործող խորհրդարանում  64 է։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իշխանությունը կփորձի համոզել ընդդիմությանը։ Անհրաժեշտ աջակցությունը չստանալու դեպքում  վարչապետը չի բացառել այլ սցենարների, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հնարավորությունը։

Պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության շուրջ քննարկումները կարող են Հայաստանի ներքաղաքական պայքարը հասցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում նման զարգացումը, եթե չհաջողվի ընդդիմության աջակցությունը ստանալ Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու համար։

«Կփորձենք համոզել ընդդիմության մեր գործընկերներին, որ սա շատ կարևոր հարց է։ Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»։

Ի պատասխան ընդդիմությունը հայտարարում է՝ ընտրությունների պատրաստ է, բայց իշխանության սահմանադրական օրակարգին աջակցելու մտադրություն չունի։

Փաշինյանի հայտարարությանը ֆեյսբուքի գրառմամբ արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը անվերջանալի զիջումների դեմ»։

Հունիսի 7-ի համապետական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր»–ը Ազգային ժողովում ստացել է 64 մանդատ, մինչդեռ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման համար անհրաժեշտ է առնվազն 70 պատգամավորի աջակցություն։ Այսինքն՝ իշխանությունը վեց պատգամավորի աջակցության կարիք ունի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունից որևէ մեկը կողմ չի քվեարկի նախագծին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ պնդել է, որ ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։

«Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը նախորդ ընտրությունների համեմատ 80 տոկոսով ավելի ձայն է հավաքել։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, վերջին ընտրություններում նա 50 տոկոս +1 քվե չի ստացել, չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Միտումն այնպիսին է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները պակասում են։ Եվ վստահաբար, եթե լինեն նոր արտահերթ ընտրություններ, այդ միտումը կպահպանվի»։

Սահմանադրության  խնդիրը ոչ միայն իշխանություն-ընդդիմություն, այլև Երևան-Բաքու քննարկումների օրակարգում է և առնչվում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջներ է ենթադրում։ Երևանը, մինչդեռ, հայտարարում է, որ երկրի Մայր օրենքի հարցը Հայաստանի ներքին օրակարգն է։

Փաշինյանը նախօրեին նշել էր, որ այս դիրքորոշումը փոխանցել է նաև ադրբեջանական կողմին։

«Ես ասել եմ նաև ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է»։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը ճանաչում է Սահմանադրության՝ Հայաստանի ներքին հարց լինելու հանգամանքը, բայց հրապարակային դիրքորոշմամբ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է դրա փոփոխության հետ։

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում հարցին անդրադարձել է  նաև արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա պնդել է, որ Սահմանադրության փոփոխությունը հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա չէ, թեև Ադրբեջանը հրապարակայնորեն դրա հետ է կապում խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Այդպիսի բանակցային պահանջ չկա։ Չկա բան, որ հիմա բանակցվում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից   Հայաստանի Սահմանադրության մասով։ Ուրիշ բան, որ իրենց մտքում հրապարակային կա այդպիսի պայման։ Այսինքն՝ իրենք այդպես են ընկալում հարցը։ Մենք իրենց ընկալում չենք կիսում, իրենք ՝ մեր»։

Թե երբ կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, դեռ հայտնի չէ։ Վարչապետն ասել է, որ այն կներկայացվի առաջիկայում և , սակայն հստակ ժամկետ չի նշել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծն առաջիկայում կհրապարակվի և հանրային քննարկման կդրվի: Վարչապետը, սակայն, հստակ ժամկետ չէր նշել։ Ավելի վաղ՝ մարտին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց դեռ պետք է քննարկվի ՔՊ-ում։

Leave a Comment