«Ճակատագրի գունադիտակը». Սառա Իգնատիուսի առաջին վեպը

Մասաչուսեթսի «Բելմոնթ վոյս» պարբերականում Շիլա Սալիվանի «Տեղացի հեղինակն իր առաջին վեպում անդրադառնում է Ցեղասպանության եւ ինքնության թեմաներին» հոդվածը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին լույս է տեսել Սառա Իգնատիուսի առաջին՝ «Ճակատագրի գունադիտակը» վեպը: Այն պատմում է 14-ամյա Առաքելի մասին 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանության թոհուբոհում:

Բելմոնթի Հայագիտական   ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցության նախկին նախագահ Իգնատիուսն այցելել է Արեւմտյան Հայաստան, քայլելով Խարբերդի բլուրներով՝ մտածել է իր պապի մասին, որը ծնվել էր այնտեղ ավելի քան հարյուր տարի առաջ: «Ուղղակի անհավանական էր քայլել այն բլուրներով, որտեղ նա է ապրել, եւ զգալ, որ շնչում ես նույն օդը»,- ասում է հեղինակը: Թեեւ Իգնատիուսի պապը մինչեւ Ցեղասպանությունն է արտագաղթել էր ԱՄՆ, պատերազմի տարիներին նա դեռեւս հարազատներ է ունեցել Հայաստանում, որոնցից շատերի ճակատագիրն անհայտ է մնացել: «Երբեմն շատ ցավոտ էր,- պատմում է Իգնատիուսը,- քանի որ զգում էի իմ նախնիներից ոմանց ներկայությունը, որոնք այլեւս ողջ չէին, եւ ցանկանում էի արդարություն հաստատել նրանց ու նրանց կյանքի համար: Ոչ ոք չի ցանկանում հիշվել միայն նրանով, թե ինչպես է մահացել, ուստի ցանկանում էի պատմել այն կյանքի մասին, որը խլվել էր այդ մարդկանցից»: Իր գրքի միջոցով նա ձգտում է տարբեր տարիքի մարդկանց տեղեկացնել Ցեղասպանության եւ այն հետեւանքների մասին, որոնք մինչ օրս ազդեցություն են ունենում հայ սփյուռքի վրա, միաժամանակ հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, որոնք օգնել են հայերին վերապրել՝ անգամ չլինելով նույն մշակույթի կրող:

Ըստ Սառա Իգնատիուսի, գրքի նպատակն է՝ ցույց տալ մարդկանց միավորող ընդհանուր մարդկային էությունը՝ անկախ կրոնից ու մշակույթից, ինչպես նաեւ հալածանքների ենթարկված ժողովրդի մեջ ապրող հույսը: «Ես ցանկանում եմ, որ ավագ կամ միջին դպրոցի աշակերտներն ավելին իմանան այդ մասին: Ես չեմ փորձում թշնամանք վերակենդանացնել, այլ պարզապես բացատրել, թե ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչ է պատահել վերապրած մարդկանց հետ: Հենց տոկունությունը, քաջությունը եւ հույսը պահպանելը՝ նույնիսկ ծայրահեղ դժվարին պայմաններում, այն գործոններն էին, որոնց շնորհիվ նրանք փրկվել են: Խոսքը գործելու կարողություն փնտրելու մասին է, նույնիսկ երբ թվում է, թե ամեն ինչ քո դեմ է»:

Ա. Բ.

Leave a Comment