ԵՐԵՎԱՆ-ՍԱՐԱՆՍԿ, Մորդովիայի Հանրապետություն – Տատյանա Յանգայկինան (ծն. 1978, Ադաշեւո գյուղ, Մորդովիա) ռուսաստանցի ազգագրագետ է: Ազգությամբ մոկշա Տատյանան ծնվել է Ռուսաստանի եվրոպական մասում գտնվող Մորդովիայում, որը մոկշա եւ էրզյա ֆիննաուգրական ժողովուրդների պատմական հայրենիքն է: 2000 թվականին ավարտել է Սարանսկի Մորդովիայի պետական համալսարանը, 2008-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Մարիի պետական համալսարանում: 2011 թվականից Մորդովիայի Հանրապետության կառավարությանն առընթեր Հումանիտար գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող է: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում են մոկշա լեզվի բառապաշարը, մորդովյան ժողովրդի հոգեւոր եւ նյութական մշակույթը, ինչպես նաեւ Մորդովիայի հայերը: 2023 թվականից նրա գիտահետազոտական գործունեության ուղղություններից մեկը դարձել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ-ոսկերիչ Կ. Մ. Մագոմեդովի ստեղծագործական ժառանգությունը: Դաղստանի մշակույթի հանրահռչակման, միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման եւ միջմշակութային երկխոսության զարգացման գործում ունեցած ավանդի համար 2026 թվականին պարգեւատրվել է Դաղստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով: Հեղինակ է ավելի քան 130 գիտական աշխատությունների:
Տատյանա Յանգայկինան Նիկողայոս Մառի անվան հայագիտության միջազգային II մրցույթի մասնակից եւ եզրափակիչ փուլ անցած մրցանակակիր է: Մրցույթը հիմնադրել են Ռուս-Հայկական համալսարանի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը եւ Երեւանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: «Հայաստան-Մորդովիա. միջմշակութային փոխազդեցություն եւ մշակույթների երկխոսություն» գիտահրապարակախոսական աշխատության (այն ժամանակ՝ անտիպ) համար կազմակերպիչները նրան պարգեւատրել են հատուկ պատվոգրով:
– Հարգելի՛ Տատյանա, ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են ոչ մեծաթիվ (ես չեմ սիրում «փոքր» տերմինը) ժողովուրդները պահպանում իրենց լեզուն եւ ինքնությունը: Մեր համաշխարհայնացված աշխարհում այս մարտահրավերն ավելի ու ավելի է բարդանում: Ինչպե՞ս է մորդվա ժողովուրդը հաղթահարում այս խնդիրը:
– Բարե՛ւ ձեզ (հայերեն), Արծվի՛ Հենրիկովիչ: Ես նույնպես չեմ ընդունում «փոքր» տերմինը. այն տեղին չէ տարբեր էթնոսների նկատմամբ, ժողովուրդը փոքր չի լինում: Յուրաքանչյուր ժողովուրդ առանձին, ինքնատիպ տիեզերք է՝ իր յուրահատուկ մշակութային կոդով: Կա՞ արդյոք հանրապետությունում մորդովյան լեզուների պահպանման խնդիր, կարծում եմ՝ ոչ: Այսօր Մորդովիայում դպրոցը մոկշա եւ էրզյա լեզուների պահպանման գլխավոր հենարանն է: Մենք ունենք ազգային լեզուներով լավ ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումներ: Պետությունը ստեղծել է անընդհատ գործող համակարգ. հիմքերը դրվում են դեռ մանկապարտեզում, իսկ դպրոցներում լեզուներն ուսումնասիրվում են դասերի ընթացքում, ամրապնդվում թվային հարթակների եւ ազգագրական թանգարանների միջոցով: Դպրոցը թույլ չի տալիս, որ մայրենի խոսքը դուրս մղվի պաշտոնական ոլորտից, եւ դրա ուսումնասիրությունը դարձնում է բնական ու սովորական երեւույթ: Բայց պետք է հասկանալ՝ դպրոցը տալիս է հիմքն ու գիտելիքը, իսկ երեխաները կսիրե՞ն լեզուն եւ ապագայում կխոսե՞ն դրանով՝ դա արդեն կախված է նրանց ընտանիքի մթնոլորտից:
– Դուք ուսումնասիրում եք Մորդովիայի Հանրապետության հայ համայնքի նյութական եւ հոգեւոր մշակույթը: Ինչպե՞ս առաջացավ ձեր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Եվ տիրապետո՞ւմ եք հայերենին:
– Հայ մշակույթի ուսումնասիրության իմ ճանապարհը սկսվեց Սարանսկում կոշկակար Իշխան Ջանիբեկովիչ Չախոյանի հետ պատահական հանդիպումից: Մի անգամ զրույցի ընթացքում նա դառնությամբ ասաց, որ իր հայրը՝ հայտնի շինարար, որը կերտել էր մեր քաղաքի դիմագիծը, հանիրավի մոռացվել է, եւ նրա ընտանիքի մասին ոչ մի գրքում հիշատակություն չկա: Այդ խոսքերը խոր ցավով արձագանքեցին իմ մեջ: Ես արհեստավորին խոստացա, որ մասնիկ առ մասնիկ կհավաքեմ նրա տոհմի պատմությունը եւ այն կպահպանեմ քաղաքի համար: Հենց այդ մարդկային պատմությունն էլ դարձավ այն կայծը, որից ծնվեց հայկական հոգու խորքը տանող իմ մեծ գիտական ճանապարհորդությունը:
Ինչ վերաբերում է հայագիտությանն ու լեզվին, ես դեռ այս խոր ճանապարհի սկզբին եմ: Հայերենին տիրապետում եմ տարրական էթիկետի եւ ողջույնների մակարդակով: Ինձ համար դա խորին հարգանքի նշան է. երբ ելույթ եմ ունենում հայ գիտական հանրության առջեւ, անպայման ողջունում եմ եւ առաջին արտահայտություններն ասում եմ նրանց մայրենի լեզվով, թեեւ լիարժեք խոսել դեռ միայն սովորում եմ:
– Վերջերս Երեւանում լույս է տեսել ձեր «Հայաստան-Մորդովիա. միջմշակութային փոխազդեցություն եւ մշակույթների երկխոսություն» գիրքը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի այն հրատարակել ոչ թե մեզ մոտ, այլ Ռուսաստանում:
– Իմ մենագրությունն ի սկզբանե ռուսաստանյան հրատարակություն է: Գրքի առաջին՝ էլեկտրոնային հրատարակությունը լույս է տեսել հենց Մոսկվայում՝ Դմիտրի Լիխաչովի անվան Ռուսաստանի մշակութային եւ բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի (Ժառանգության ինստիտուտ) հեղինակավոր գրիֆի ներքո: Սա ակադեմիական աշխատանք է, որն արժանացել է ռուսաստանյան գիտական հանրության ճանաչմանը: Ինչ վերաբերում է Երեւանին, այստեղ գիրքը լույս է տեսել արդեն երկրորդ՝ լրացված հրատարակությամբ՝ տպագիր տարբերակով: Այսինքն՝ Հայաստանն ընտրվել է որպես տպագրության վայր, ինչը գիրքը հասանելի դարձրեց նաեւ արտասահմանյան գործընկերներին, բայց դրա գիտական «սիրտը» ամբողջությամբ ռուսաստանյան է:

– Այսօր քանի՞ հայ է ապրում Մորդովիայում եւ ի՞նչ առանձնահատուկ ներդրում ունի հայ համայնքը հանրապետության կյանքում:
– Այսօր, պաշտոնական տվյալներով, Մորդովիայում ապրում է 1356 հայ: Հայերի ներդրումը բազմակողմանի է. նրանք շինարարներ են, ձեռնարկատերեր, բժիշկներ, տաղանդավոր նկարիչներ եւ արհեստավորներ: Կարծում եմ՝ մարդահամարի վիճակագրությունը միշտ չէ, որ հարյուր տոկոսով արտացոլում է իրականությունը: Շատ հայեր մշտապես շարժման մեջ են, ստեղծագործում եւ աշխատում են, ուստի ոչ բոլորն են հասցնում հայտնվել պաշտոնական հաշվետվություններում: Համոզված եմ, որ հանրապետությունում հայերի թիվը շատ ավելի մեծ է: Եվ հիմա ես, որպես հետազոտող, մտածում եմ, թե ի՛նչ նոր եղանակներով՝ անձնական հանդիպումների եւ համայնքի ներքին կապերի միջոցով, պետք է պարզեմ նրանց ճշգրիտ թիվը:
– Ռուս լեզվաբան Ռոման Շտակելբերգը ֆիննաուգրական լեզուների 58 բառ համեմատել է իրանական լեզուների ու հայերենի հետ եւ, մասնավորապես, նկատել է հայերեն «մարդ» եւ մորդովերենում «միրտի» (մարդ) բառերի նմանությունը: Հայերենի եւ մորդովյան լեզուների միջեւ այլ հետաքրքրական զուգահեռներ հայտնաբերե՞լ եք:
– Այո՛, եւ այդ զուգահեռները պարզապես ապշեցնում են: Մորդովյան լեզուների ամենահին շերտերը հենց հնագույն կապերին են առնչվում: Բայց ամենազարմանալին այն է, երբ դրան հանդիպում ես կենդանի շփման ընթացքում: 2025 թվականին Գյումրիում ես մասնակցեցի հայագիտական միջազգային գիտաժողովի: Լսելով հայերեն զեկուցումը՝ հանկարծ ինձ «որսացի» այն մտքի վրա, որ լսում եմ հարազատ մոկշայական հնչյուններ: Ելույթից հետո մոտեցա զեկուցողին եւ հարցրի «վերեւ» բառի իմաստը: Իմ մայրենի մոկշա լեզվում «վյարե» բառն ունի ճիշտ նույն նշանակությունը: Դա անհավանական բացահայտում էր: Հնագույն լեզվական կապերի այս շերտը դեռ պետք է խորությամբ ուսումնասիրվի, եւ այս պատահական թելը, Արծվի՛ Հենրիկովիչ, հենց հիմա դուք բացեցիք իմ առջեւ՝ մտածելու նոր թեմա տալով:

Ուզում եմ նաեւ մի զարմանալի պատմություն ներկայացնել: Վերջերս այցելելով «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագրություն՝ հանդիպեցի գլխավոր խմբագիր, հարգարժան Ալբերտ Մամիկոնի Նալբանդյանին: Նա ասաց, որ իմ ազգանունը՝ Յանգայկինա, առաջին անգամ է լսում եւ զարմացավ, թե որքան խորն ու հետաքրքրական է այն: Նա ժպիտով ասաց. «Տատյանա, ձեր ազգանվան մեջ շատ հայկական բան կա. ՅԱՆ-ը հայկական ազգանունների վերջավորությունն է, ԳԱՅ (հայ)՝ հայ, ԿԻՆ՝ կին»: Նշեմ, որ իմ տոհմական ազգանունը զուտ մոկշայական արմատներ ունի, եւ դրա ստուգաբանությունն այսպիսին է. ՅԱՆ՝ արահետ, ԳԱՅ՝ զրնգուն, բարձրաձայն, ԿԻ՝ ճանապարհ:
– Իսկ գիտեի՞ք, որ Մորդովիայի մյուս ժողովուրդը՝ էրզյաները, քիչ թվով ապրել են Հայաստանում: Ըստ 1934 թվականի վիճակագրության՝ Խորհրդային Հայաստանում բնակվել է 419 մորդվին: Տարիներ առաջ հայ մամուլում հրապարակվել էր Հարություն Մինասյանի հոդվածը Հայաստանի սակավաթիվ էրզյա մոլոկանների մասին (Հարություն Մինասյան, Ո՞վ ես դու, հայաստանցի էրզյա ժողովուրդ, «Նարեկ», 05.11.1994):
– Նրանք ոչ միայն նախկինում են ապրել, այլեւ հիմա էլ ապրում են Հայաստանում, եւ ես անձամբ ծանոթ եմ նրանց հետ: Ամեն ինչ սկսվեց Երեւան կատարած իմ առաջին այցի ժամանակ: Պրոֆեսոր Վիկտորյա Ալեքսանդրովնա Առաքելովան ինձ ծանոթացրեց ճանաչված լրագրող եւ բանաստեղծ Ելենա Շուվաեւայի հետ, որն ուսումնասիրում է Հայաստանի մոլոկաններին: Հենց նրա շնորհիվ կարողացա այցելել Շողակաթ (նախկին Նադեժդինո կամ Շորժա) գյուղը, որտեղ մեր մորդվա մոլոկանները բնակեցվել էին դեռեւս 1840 թվականին: Այնտեղ մի քանի օր հավաքեցի եզակի դաշտային ազգագրական նյութ եւ ուսումնասիրեցի հին մորդովյան գերեզմանատունը: Իսկ 2025 թվականին ուսումնասիրեցի արդեն Նուբարաշենի գերեզմանատունը եւ հանդիպեցի Երեւանի մորդվացիներին: Ինձ համար առանձնահատուկ հպարտություն էր, որ գրքիս շնորհանդեսին եկավ մոլոկանների ներկայացուցիչ Էրզյա Իսայ Իվանովիչ Գրիգորեւը: Ինձ համար անչափ հաճելի էր դահլիճում տեսնել հայրենակցիս: Այսպիսով, Հայաստանում մորդվա մոլոկանների պատմությունն իմ գիտական աշխատանքի եւս մեկ կարեւոր ուղղություն է, որը ծնվեց այս զարմանահրաշ երկրի շնորհիվ:
– Անցյալ օգոստոսին դուք բարձրացաք Արարատ լեռը: Խնդրում եմ պատմե՛ք ձեր տպավորությունների եւ փորձառության մասին:
– Մեկ տարի առաջ իմ գործընկերուհին, ընկերուհին եւ գաղափարական ոգեշնչողը՝ Ելենա Շուվաեւան, առաջարկեց բարձրանալ Արարատի գագաթ: Ամեն ինչ տեղի ունեցավ իմ գրքի շնորհանդեսից անմիջապես առաջ, որը կայացավ օգոստոսի 11-ին. դրանից երկու օր առաջ՝ օգոստոսի 9-ին, որպես նախապատրաստություն եւ կլիմայավարժման փուլ, Ելենան՝ որպես փորձառու լեռնագնաց, ինձ տարավ Արագած՝ Հայաստանի ամենաբարձր կետը: Անկեղծ ասած՝ հեշտ չէր. ես ֆոբիա ունեմ, խուճապային վախ եմ զգում բարձրությունից: Բայց այդ արգելքը հաջողությամբ հաղթահարեցի եւ Արագածի գագաթին պարզեցի հայրենի Մորդովիայի դրոշը: Սրբազան Արարատ լեռը բարձրանալու համար մի քանի օր քայլեցինք. օգոստոսի 14-ին մեկնարկեցինք, իսկ արդեն օգոստոսի 16-ին ես եւ Ելենա Շուվաեւան, որպես «Դիալոգ» կազմակերպության խմբի անդամներ, Ռուսաստանի, Հայաստանի եւ Իտալիայի մեր ընկերների հետ հաջողությամբ նվաճեցինք Մեծ Արարատը (5165 մետր):
Հաճախ եմ լսում, թե այս սրբազան լեռը բոլորին չէ, որ ընդունում է: Հնարավոր է՝ այդպես է: Յուրաքանչյուրը կարող է գնալ դեպի այդ լեռը, բայց թե ինչպե՞ս ես գնում՝ վճռորոշ նշանակություն ունի: Եվ այստեղ խոսքը բնավ ֆիզիկական պատրաստվածության մասին չէ, այլ հոգեւոր վիճակի: Անմաքուր մտքերով, նախանձով կամ հոգու մեջ չարությամբ այնտեղ գնացողն իսկապես չի հասնի:
Գիտե՞ք՝ ի՛նչ տվեց ինձ այս լեռը: Խոնարհություն եւ հսկայական համբերություն: Այնտեղ ես պայքարում էի ոչ թե ֆիզիկական դժվարությունների կամ հենց գագաթի դեմ: Լեռը հայելի է. այն բացահայտում է մարդու իրական էությունը եւ ցույց է տալիս, թե ով է նա իրականում:
– Հայաստանի հետ կապված հետագա ծրագրեր ունե՞ք:
– Գիտեք, ես զգուշավոր եւ մի փոքր սնահավատ մարդ եմ, այդ պատճառով միշտ վախենում եմ ապագա ծրագրերս վաղաժամ բարձրաձայնել: Բայց գլխավորն ասեմ. Հայաստանը մի երկիր է, որն ընդմիշտ մտել է իմ հոգու եւ գիտական ծրագրերի մեջ: Աստված տա, ես հետագայում եւս սիրով կայցելեմ այս զարմանահրաշ երկիրը: Եվ արդեն ոչ միայն գիտական հետազոտությունների համար. այստեղ ապրում են իմ թանկագին հայ ընկերները, որոնց հետ շփումը ես շատ եմ գնահատում…
Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել. Արծվի՛ Հենրիկովիչ, անչափ շնորհակալ եմ ձեզ այս խոր եւ հոգեհարազատ զրույցի համար:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ